Կորոնավիրուսով վարակվելու մասին կարող են մատնանշել ոչ միայն դասական ախտանշանները, ինչպես ջերմությունն ու հազը, այլ նաեւ մի շարք ոչ ակներեւ, քիչ հայտնի ախտանշաններ։ Այդ մասին նախազգուշացնում է բրիտանացի գիտնական Փոլ Հարները, որը վարակվել էր COVID-19-ով։ Նա ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆեսոր է եւ BMJ բժշկական պարբերականում մանրամասնորեն նկարագրել է կորոնավիրուսով վարակված լինելու ընթացքում իր հետ տեղի ունեցածը։
Պրոֆեսորը բուժվել է տանը, եւ բուժումը երկար էր ու բավականին հյուծող։
«Յոթ շաբաթվա ընթացքում ես երբեմն այնքան վատ եմ զգացել, որ կարծել եմ, որ մահանում եմ»,-պատմել է նա։
Նրա խոսքով՝ վիրուսով վարակվելու առաջին օրերին ի հայտ են գալիս ոչ ակնհայտ ախտանշաններ, այդ պատճառով COVID-19-ի մասին որեւէ կասկած չի առաջացել։ Առաջին ախտանշանը ոտքի ազդրում ցավն էր։
Ժամանակի ընթացքում վարակի ախտանշանների շրջանակն ընդլայնվել է, ինչպես նաեւ վատթարացել է ընդհանուր ինքնազգացողությունը։ Անալիզը ցույց է տվել, որ տեղի է ունեցել վարակում։
«Ոտքի ցավը արտասովոր ախտանշաններից մեկն էր, որոնք ծագել են հետագայում։ Գրեթե ամեն օր ի հայտ էին գալիս նոր տարօրինակ զգացողություններ։ Ամենատհաճը գիտակցության մեջ փոփոխություններն էին։ Հստակ մտածելու ունակությունն անհետացել էր, իմ գիտակցությունն ամբողջովին խախտվել էր»,-պատմել է գիտնականը։
Կորոնավիրուսային վարակի ոչ տիպիկ ախտանշաններից պրոֆեսոր Գարներն անվանել է հետեւյալը․
մտքերի խառնաշփոթ,
ստամոքսի խանգարում,
ականջներում աղմուկ․
մաշկի մեջ խրվող ասեղի զգացողություն,
ուժգին մկանային ցավ․
գլխապտույտ,
Ձեռքերում արտրիտի սրացում։
«Հիվանդության երկարատեւ ընթացքով մարդկանց անհրաժեշտ է օգնություն, որպեսզի հաղթահարեն մշտապես փոփոխվող, արտասովոր ախտանշանները եւ դրանց անկանխատեսելի ընթացքը»,-ասել է հետազոտողը։