Հայաստանում կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման մեջ սկսելու են փորձնական եղանակով կիրառել բուժված պացիենտների պլազման։ Այս մասին Հանրային խորհրդի օնլայն նիստին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ չկա ապացուցողական բազա պլազմայի՝ կորոնավիրուսային վարակի բուժման մեջ արդյունավետության մասին, ավելին՝ բուժվածների պլազման բուժման մեջ կիրառելը բարդ եւ վտանգավոր պրոցես է։ Սակայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում պլանավորվում է դնել հատուկ ցենտրիֆուգներ՝ պլազմա ստանալու համար, որը փորձնական եղանակով կկիրառվի բուժման մեջ։
Անդրադառնալով կրկնավարակի դեպքերին՝ նախարարը նշեց, որ նման դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել, իսկ ակադեմիական հանրույթը հակվում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, եւ հիվանդացած ու բուժված մարդը մոտակա մի քանի ամիսներին չի կարող նորից վարակվել կորոնավիրուսով։
«Իհարկե, դա չի նշանակում, որ 2-3 տարի հետո նորից չի վարակվի, որովհետեւ սուր շնչառական վարակները՝ վիրուսով պայմանանվորված, երկարատեւ իմունիտետ չեն առաջացնում, այդ թվում՝ այլ կորոնավիրուսները, որոնք շրջանառվում են սեզոնի ժամանակ եւ առաջացնում հարբուխ եւ այլն»,- ասաց նախարարը։