Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Վարդազարյանն իր էջում գրել է, որ թանկացել է նաև միջքաղաքային տրանսպորտը.

«Աշխատանքից ուշանում էի, նստեցի Ծառուկյանի Աբովյան-Երևան անվճար երթուղու ավտոբուս…

Մի քանի կանգառ անց մի տատիկ «նստեց»՝ շաաատ իրերով, որոնք ավելի շատ բեռներ էին: «Նստեց», որովհետև, տարիքի բերումով, հազիվ էր շարժվում և ավտոբուս բարձրացավ առանց չափազանցելու չորեքթաթ:

Շատ նվաստացած զգացի ինքս ինձ էդ տեսարանից, որ հայ մարդը էդ աստիճանի կենդանու է նմանվել-վերածվել, ոչ միայն հնազանդությամբ, այլ նաև շարժուձևով…

Բայց մտածում էի, որ էսօր թանկացումների թոհուբոհից խուսափեցի. դե անվճարով եմ գալիս…

Արդեն Երևանում անվճարի վարորդը ինչ-որ մեքենայի հետ հենա-հենա բախվելուց հետո կանգնեց, ասաց, որ էլ չի գնալու, իջնենք. առաջիններից իջած լինելով կանգնեցրի հենց (այ քեզ բախտ) հետևից հասած Աբովյան-Երևան 259 համարի երթուղու ավտոբուսը…

…հենց առաջին իջնողներին վարորդն ասաց, որ Աբովյանի տրանսպորտը դարձել է 300 դրամ, նախկին 200-ի փոխարեն, «քաղաքում»՝ Երևանում էլ՝ 150 է:

Նման բան, ի տարբերություն Երևանի իշխանությունների, Աբովյանում չէր հայտարարվել. սիտուացիան էս էր, նստում ես տրանսպորտ ու քեզ տեղում ասում են, որ կրկնակի ես ստանալու…

Մարդիկ՝ մի 2 հոգի, հարցնում էին՝ բա հիմա որ Կոմիտասի շուկա, որ Սպորտդպրոց իջնեմ (Լամպերի գործարանի մոտից)՝ ե՞ս էլ եմ 150 տալու: Վարորդը հաստատում էր՝ մարդիկ տալիս էին:

Մի կին էլ՝ շատ ինքնագոհ տեսքով նստած, բացատրում էր կուլտուրական ձևով, որ՝ այո, հուլիսի 20-ից տրանսպըրտը թանգացել ա… Էդ կինը մի քանի կանգառ անց իջավ՝ շնորհակալություն ասելով վարորդին. ծանոթն էր:

Երբ տեղ ազատվեց, նստեցի, կողքիս կինը սկսեց բողոքել, որ մի քանի ուսանող է պահում, չի կարող իրեն թույլ տալ: Ինքն էլ Հոկտեմբերիանից էր: Պատմեց, որ իրենց մոտից էլ անվճար, բարեգործական երթուղի կա (բայց ոչ Ծառուկյանինը), իր երեխաները փորձում են դրանով գալ, բայց գրեթե միշտ կես ճամփին վարորդը կանգնում է, ասում, որ փչացել է, իջնեն, «հետևից եկող ավտոբուսով» շարունակեն, ու մարդիկ տեղափոխվում են: Իսկ «հետևի [վճարովի] ավտոբուսը» քշում է նույն վարորդի… տղան:

Էս դեպքում «անհույս և սուսուփուս» վիճակն էր. հատկապես ամոթխած էին աղջիկների հետ տրանսպորտ նստած տղամարդիկ:

Վարորդը մի աղջկա վրա էլ մունաթ եկավ, թե՝ էս ի՞նչ ես տալիս: Աղջիկը, որ մաթեմից երևի լավ էր, հարցրեց՝ 150 չի՞: Ու բացատրեց, որ 3 հոգու համար ճիշտ է ստանում՝ 450: Վարորդը ակնհայտորեն շփոթվել էր հաշվարկներից: Կողքին էլ մի եսիմով էր կանգնած ու ռեպլիկներ էր անում իջնողների հետևից ու վարորդի հետ ուրախանում էին:

Երբ մոտեցավ իմ կանգառը, սովորականի պես տվեցի 100 դրամս (քանի որ Երևանից էի նստել) ու իջա: Վարորդը բան չասաց, տեսնելով, որ նկարում եմ (տեսանյութ 1):

Հետո հետևիցս, թե՝ թանկացել ա (տեսանյութ 2): Հետ դարձա ու հարցրեցի՝ ո՞վ ա ասում, բա խի՞ ինձ չեն ասել, երևի ով որ որոշել ա, ինքն էլ ստանալու ա…

Իսկ ինքը հիմնականում ինձ հորդորում էր, որ «նկարեմ», «հանգիստ նկարեմ», «6 անգամ նկարեմ»:

Մի տեսակ ինձ Գագիկ Շամշյան էի զգում: Իսկ վարորդի դիմաց մի քանի հայելի կար և նա դեռ մի ամբողջ օր մի քանի պլանով ինքն իր պատկերը պիտի տեսներ…

Կարծում եմ՝ մեզ ոչ թե օրինակ ազգային օդային փոխադրող է հարկավոր, այլ ազգային ՀՈՏային փոխադրող»: