Շվեդ գիտնականները թոքերի ախտահարված հյուսվածքը վերականգնելու միջոց են հայտնաբերել, ինչը կորոնավիրուսային վարակի հիմնական բարդությունն է, հաղորդում է «Իզվեստիան»:
Ուպսալայի համալսարանի ակադեմիական հիվանդանոցի մասնագետները COVID-19-ից առաջացած սուր շնչառական դիսթրես-համախտանիշի բուժման համար օգտագործել են իմունային համակարգի գործունեությունը վերահսկելու ունակություն ունեցող մեզենքիմալ ստրոմալ բջիջները: Նշվում է, որ նյութը ստացվում է դոնորների ոսկրածուծից: Ըստ գիտնականների, այս մեթոդը հնարավորություն է տալիս կանխելու ցիտոկինային փոթորիկը՝ առանց թուլացնելու հիվանդի օրգանիզմը:
«Առողջ դոնորի ոսկրածուծից վերցված մեզենքիմալ ստրոմալ բջիջների ներդրումից հետո նկատվել է արյան թթվածնով հագեցվածության բարելավում և բորբոքային մարկերների արտահայտման նվազում»,- ասել է ակադեմիական հիվանդանոցի վիրաբուժական գիտությունների ամբիոնի դոցենտ Սերգեյ Ռոդինը:
Ըստ գիտնականների, մեզենքիմալ ստրոմալ բջիջների առավելությունն այն է, որ դրանք կարող են ազդել իմունային համակարգի արձագանքի վրա և դրանով իսկ հարթեցնել դրա արտահայտման սրությունը: