Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական «աչքալուսանքն» է տվել հանրությանը՝ տեղեկացնելով, որ ազատ է մնացել 32 ռեանիմացիոն մահճակալ։ Նախարար Թորոսյանի գրառման տակ արձագանքել էր մի կին․ «Որ ձեր ունեցած դեղը interleukin inhibitors չտաք, էդ մարդկանցից ոչ ոք չի ապաքինվի։ Էդ դեղը, 3 օր խնդրեցի, չներարկեցիք հայրիկիս։ Այսօր արդեն լեյկոցիդները զրոյացան։ Ու առողջ սիրտը կանգնեց»։

Մի երիտասարդ էլ կիսվել էր, որ իր տատիկն էլ է այդպես մահացել։ Ի դեպ, Արսեն Թորոսյանի կողմնակիցների անպատկառությունը հասել էր նրան, որ երիտասարդ կնոջը հանդիմանում էին, որ եթե հայրը մահացել է, ի՞նչ գործ ունի նա սոցկայքում։ Նա էլ պատասխանել էր՝ քանի որ բոլոր հարազատները կարանտինում են, սիրտը պայթում է։ Մեզ հաջողվեց կապ հաստատել այդ կնոջ հետ, որը մի սահմռկեցուցիչ պատմություն պատմեց, ինչից պարզվեց, որ Թորոսյանի սպառնալիքները՝ Հայաստանում պատերազմի կամ Սպարտայի օրենքը գործադրելու մասին, երբ թույլերը փրկվելու շանսեր չունեն, արդեն իրականություն է դարձել։


Ինչպես միշտ է լինում նման պատմությունների դեպքում, կնոջ հետ զրույցից հետո հարազատները բարկացել էին նրա վրա, եւ նա ավելի ուշ զանգահարեց՝ խնդրելով հոդվածը չտպագրել։ Սակայն, քանի որ հանրային շահի տեսանկյունից նրա հաղորդածը շատ կարեւոր է, զրույցը ներկայացնում ենք փոխված անունով։ Իսկ խմբագրությունում պահպանվում է նաեւ ձայնագրությունը։

- Անահիտ, դեղը, որի մասին գրել էիք, ցուցվա՞ծ էր Ձեր հորը։

- Այո, իհարկե, արյունաբանի, իր բժշկի հետ խորհրդակցել էինք, հենց այն դեղն էր, որն իրեն պետք է օգներ, որ օրգանիզմը պայքարեր, որ իր լեյկոցիտները բարձրանային նորմալ մակարդակի։

- Ի՞նչ պատճառաբանությամբ չէին ներարկում։

- Որ երիտասարդներին տան։ Այսինքն՝ 56 տարեկանն իրենց համար երիտասարդ չէ։ Բայց չեն հասկանում, որ երիտասարդն ունի իրեն համապատասխան լեյկոցիտներ, որոնց շնորհիվ կարող է պայքարել։ Իսկ իմ հայրիկն ուներ լեյկոզ, որի պատճառով լեյկոցիտները վիրուսի պարագայում շատ ավելի արագ էին սկսել նվազել։ Հիվանդությունը հորս մոտ 5 տարի առաջ էր ի հայտ եկել, բուժվել էր։ Շատ նորմալ 5 տարի ապրում էր, առանց ոչ մի խնդրի, նույնիսկ գրիպները մեզնից թեթեւ էր տանում։ Պարզապես մի ներարկում էր, որ պետք է արվեր, ու չարվեց։ Ինձ թվում է՝ դեղը պահված է ոչ թե նույնիսկ երիտասարդների, այլ ուղղակի ընտրյալների համար։ Որքան ես հասկացա։

- Դա թա՞նկ դեղ է, ի՞նչն է պատճառը։

- Չի վաճառվում ոչ մի տեղ, որովհետեւ ես պատրաստ էի անգամ գնել, մենակ թե տային։ Բայց էդ դեղը չի վաճառվում, եւ ոնց հասկանում եմ՝ համաշխարհային մակարդակով միայն պետական հիվանդանոցներին են տալիս, էն էլ՝ ոչ բոլոր, որովհետեւ Նորքի ինֆեկցիոնում էդ դեղը չկար։ Այդ էր պատճառը, որ այդ նորմալ հիվանդանոցից ու նորմալ անձնակազմից ընկավ մարդասպանների ձեռքը․․․ որտեղ աշխատում են 30-ամյա, քոլեջն ավարտած չգիտեմ ովքեր։ Պապայիս տեղափոխել ենք, վատ էր զգում, ճնշումը 170-100 էր, զանգեցինք՝ տեսնենք ոնց է, հետո զանգել եմ (հիվանդանոց), ասում եմ՝ վատ է, մոտը 20 րոպե մարդ չի մտնում, գնացել է պապայիս մոտ, ասել՝ անհարմար չե՞ս զգում, եքա մարդ ես, զանգել բողոքում ես, որ քեզ չենք մոտեցել, քեզ չե՞նք մոտեցել։ Էնտեղից քույրն ա գոռում պապայիս վրա, ու էդ ամենը ես հեռախոսով լսում եմ։ Ու իրենց քթերից է գալու։

- Դատի՞ եք տալու։

- Աստծո դատաստանին են իրենք արժանանալու։ Չէ, դատի չեմ տա, որովհետեւ էդքան քաշքշուկների մեջ մտնելու ուժ չունեմ ո՛չ ֆինանսական առումով, ո՛չ․․․ (սկսեց արտասվել), ուրիշ մի դեղ էլ կար՝ «Ինգավիրին», որը վաճառվում է բոլոր դեղատներում, ռուսական դեղ է, որը շատ լավ օգնում է իմունիտետի բարձրացմանը, լեյկոցիդների բարձրացմանը եւ հակավիրուսային է։ «Նորքի» բժշկուհին խնդրում էր, ասում ա՝ ինձ ոչ ոք չի լսում, ասա, թող այդ դեղը տան պապայիդ․․․

- Դա՞ ինչու չտվեցին․․․․

- Իրենք ուզում էին ուղղակի մարդ սպանել, քանակ ապահովել, հասկանո՞ւմ եք։ Ով մի քիչ դժվար է պայքարելու, իրենից ձեռքերը լվանում են։ Դրա համար, ուշադիր եղեք, չհասնեք հիվանդանոցի դռները։

- Այդպես բաց տեքստո՞վ ասացին։

-․․․մուննաթ, գռեհիկ ձեւով․․․ ինչ-որ դեբիլ, քոլեջ ավարտածներ, իսկ իրենց լավագույն թոքաբաններն էսօր Ծաղկաձորում են, ո՞ւմ համար, որեւէ ծանր հիվանդ չկա, ո՞ւմ համար են տարել լավագույն բժիշկներին։ Ես չգիտեմ ում բողոքեմ․․․ բողոքս էլ տեղ չի հասնի, բայց ուզում եմ, որ բոլորն իմանան ու զգուշանան էն վիճակից, որում մենք ենք հայտնվել։

- Ձեր հայրը որտե՞ղ էր վարակվել։

- Ես չգիտեմ․․․ 2 ամիս կարանտին ենք պահել, ամեն օր զանգել եմ՝ ամեն օր։ Ես ամուսնացած եմ, պապաս Երեւանից ա։ Իրենք բոլոր կանոններին հետեւում էին, հետո սկսեցին լուրեր պտտվել, որ մահացածներին 100 հազար են բան անում․․․ (տալիս՝ հեղ․) ու նմանատիպ լիքը բաներ, սկսեց մարդկանց մոտ կասկած առաջանալ, որովհետեւ իրենք էլ ոչ մի կանոնի չէին հետեւում, սաղ սահմանափակումները վերացրին, էնպես արեցին, որ մարդիկ հավատան, որ ամեն ինչ լուրջ չէ․․․ ու սկսեցին նորմալ կյանքով ապրել։ Ու մայիսի սկզբներին իմ հայրիկն էլ, որ օրերը տաքացել էին, մեկ-մեկ դուրս էր գալիս, թոռնիկ ուներ, հանում էր բակ, որ խաղար, երեւի էդ ընթացքում, որովհետեւ մենք, բառիս բուն իմաստով, կարանտին ենք պահել, տնից դուրս չենք եկել, դուրս ենք եկել շաբաթը մեկ անգամ՝ սննդի համար։

- Ձեր ընտանիքի անդամները հիվա՞նդ են, կարանտինի մե՞ջ են։

- Այո, մայրս, եղբայրս, հարսս ու երեխան։ Իրենք բոլորը հիվանդ են, 4-5 օր առաջ ստուգել են, թոքերը լավ են եղել, բայց էդ դեղերը․․․ մի օր ես եմ առնում, մի օր՝ մի բարեկամը։

- Դե՞ղ էլ չեն տալիս։

- Ոչ, հիվանդանոցում էլ մենակ անտիբիոտիկ էին իրենք տալիս, ոնց հասկացա։ Ինձ ասում են՝ տալիս եմ կորոնայի դեղը, քո պապայի մոտ լեյկոզը խնդիր չէ, մենք լեյկոցիտները բարձրացրել ենք, դրա մասով մի անհանգստացեք, բայց իր թոքերի վիճակը շատ վատ է, մենք հիմա կորոնայից ենք բուժում․․․ Բժշկի հետ խոսել եմ պապայիս մահվանից մի օր առաջ։ Ասում եմ՝ այո, բժիշկ ջան, բայց էդ դեղը, որ Ձեզ ասում եմ, ինձ գաղտնի տեղեկատվությամբ են ասել։ Ասում եմ՝ պետք է այդ դեղը պապաս ստանա, որ լեյկոցիտները բարձրանան։ Ինքն ընենց ներկայացրեց․․․ ու թույլ էլ չեն տալիս, որ մեկ անգամից ավել զանգես… որ գոնե ասեի, որ էդ դեղը պետք է ներարկեք, որ լեյկոցիտները բարձրանան։ Որ անտիբիոտիկը ճիշտ աշխատի, իր գործն անի։ Իրենք հատուկ դեղը չտվեցին պապայիս։

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/b02f11d449fc6e917fc65f7b9bb6ab5c