Մայիսի 30-ին Գյումրում թափառող շների հարձակմանը ենթարկված և բազմաթիվ վնասվածքներով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Երեխայի մոտ այսօր արդեն կա դրական դինամիկա: Գյումրիում վիրահատվելուց հետո երեխան Երևանում երկրորդ անգամ է վիրահատվել: Կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված էր երեխայի պարանոցը»,- ասաց Դերձյանը:
Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց՝ կայուն:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրու Մուշ թաղամասում: Ըստ խոսակցությունների, դեպքի պահին տանը տատիկն է եղել, իսկ փոքրիկը տան բակում խաղացել է: 10-15 շուն, ըստ ֆեյսբուքյան որոշ գրառումների, մի քանի վայրկյանում երեխային բակից փախցրել և սկսել են հոշոտել: Ծնողները եղել են աշխատանքի: