ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ N զորամասի հրամանատարը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով, 2018թ. ապրիլից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարելով իշխանազանցություն, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի և կոմունալ շահագործման ծառայության պետի հետ, «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի թիվ 5 տեղամասի պետի, «Արտյոմ Մուրադյան» ԱՁ-ի փաստացի սեփականատիրոջ, զորամասի տարածքում գործող խանութ-թեյարանի սեփականատիրոջ և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստապետի օժանդակությամբ, շահադիտական նպատակով ապօրինի՝ պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող փոխադարձ ստուգման ակտերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով, զորամասի կարիքների համար 1կվ-ը միջինը 41 ՀՀ դրամով հատկացված էլեկտրաէներգիայի մի մասը 1կվ-ը 9 դրամի դիմաց, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, օտարել է «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի թիվ 5 տեղամասի պետին, ինչպես նաև «Արտյոմ Մուրադյան» ԱՁ-ի փաստացի սեփականատիրոջը, զորամասի տարածքում գործող խանութ-թեյարանի սեփականատիրոջը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառելով 25.625.000 ՀՀ դրամի վնաս, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ բացի այդ, զորամասի հրամանատարը 2019թ. սկզբներից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարելով իշխանազանցություն, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի և հրամանատարի թիկունքի գծով տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, շահադիտական նպատակով ապօրինի՝ պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող փոխադարձ ստուգման ակտերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով, զորամասի կարիքների համար հատկացված բնական գազի մի մասը 1 մ3-ը 23 ՀՀ դրամի դիմաց շուրջ 3.000.000 ՀՀ դրամով օտարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի աշխատակիցներ Ա. և Ռ. Ջ.-ին, որը առաջացրել է նյութական ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառելով 16.304.347 ՀՀ դրամի վնաս: