Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախաձեռնել է Zoom-ով առցանց ճեպազրույցների շարքը: Առաջին ճեպազրույցը սկսվեց քիչ առաջ: Բացման խոսքում Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն նշեց, որ այս վարակը մեզ հետ դեռ երկար է մնալու՝ քանի դեռ չկա անվտանգ պատվաստանյութ կամ բուժող դեղամիջոց: «Մեր գործերն ավելի վատ են հիմա՝ վարակը տարածվել է, ոչ պատվաստանյութ ունենք, ոչ էլ՝ բուժող նյութ: Միայն գիտենք, թե ինչպես աշխատենք վիրուսի հետ, բարդացման դեպքերի հետ, հանրության հետ»,- ասաց նա:

Քլյուգեն ասաց, որ հաճախ իրեն հարցնում են՝ ինչպես կգնահատի այս կամ այն երկրի ղեկավարների ձեռնարկած միջոցառումները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: «ԱՀԿ-ի խնդիրը չէ գնահատել այս կամ այն երկրի աշխատանքի արդյունավետությունը, սակայն կարող ենք ասել, որ բոլոր երկրներն էլ լրջագույն միջոցառումներ են ձեռնարկել»,- ասաց նա:

Բանախոսն առանձնահատուկ անդրադարձավ երեք երկրի, այդ թվում՝ մեր երկրին: «Հայաստանն, Ադրբեջանն ու Իսրայելը միջոցառումներ են ձեռնարկում՝ իրենց ազգային առանձնահատկություններից ելնելով: Ադրբեջանը վերանայում է թեստավորման սկզբունքները»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե երբ հնարավոր կլինի ինքնամեկուսացման ռեժիմն ավարտված համարել՝ նա ասաց. «Ինքնամեկուսացումից դուրս գալը նոր կենսակերպի սկզբավորում է, որին պետք է պատրաստվել քայլ առ քայլ եւ զգուշորեն: Երկրորդ ալիքն անխուսափելի չէ, սակայն ավելի ու ավելի շատ երկրներ են սահմանափակումները հանում, եւ շատ մեծ է բռնկումների վտանգը, որը մեծացնում է երկրորդ ալիքի հավանականությունը»,- ասաց նա:

Քլյուգեի խոսքով՝ ԱՀԿ-ն հոգ է տանում, որ հենց որ պատվաստանյութը լինի, այն արդար բաժանվի:

«ԱՀԿ-ն պատրաստ է բոլոր երկրներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակությունը: Եվ մեզնից յուրաքանչյուրը պիտի պատասխանատու լինի հանուն համընդհանուր առողջության համար»,- նշեց նա: