Դիմակի արդյունավետությունը կորոնավիրուսից պաշտպանելու գործում կարող է տատանվել 0-ից մինչեւ 95 տոկոս։ Նման կարծիք է արտահայտել ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանը։
Մասնագետի խոսքով՝ դիմակի արդյունավետությունը կախված է դրա որակից եւ մի շարք այլ հանգամանքներից, մասնավորապես՝ հիվանդը կրում է դիմակ թե ոչ, առողջը կրում է թե ոչ, քամի կա թե ոչ, եթե կա, ինչ ուղղություն եւ ինչ ուժգնություն ունի, եւ այլն։
Արման Բադալյանի խոսքով՝ նախկինում Հայաստանում խորհուրդ չէր տրվում համատարած դիմակներ կրել, քանի որ կային լոգիստիկ խնդիրներ եւ դիմակների պակաս։ Սակայն հիմա դիմակների պակաս չկա, ավելին, հայտնի է դարձել, որ ախտանիշներ չունեցող մարդիկ եւս կարող են վարակակիր լինել եւ այլ մարդկանց վարակել, իսկ դիմակների համատարած կրելը կարող է կանխարգելել վարակի տարածումը։
Ինչ վերաբերվում է բաց տարածքներին, մասնագետի խոսքով, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կորոնավիրուսը կարող է նույնիսկ 2 մետրից էլ ավել տարածվել՝ կախված քամու ուժգնությունից եւ ուղղությունից։ Եւ չնայած բաց տարածքում վարակվելու հավանականությունը ավելի քիչ է, քան փակ տարածքներում, այն այնուամենայնիվ զրոյական չէ։
Բացի այդ, մասնագետի խոսքով, մարդիկ բաց տարածքում չեն մնում, նրանք մտնում են փակ տարածքներ՝ խանութ, բանկ, մետրո, հանրային տրանսպորտ։ Իսկ դիմակը հանել-դնելը այնքան էլ լավ գաղափար չէ․ ավելի ճիշտ է մեկ անգամ դնել այն եւ չհանել՝ մինչեւ տուն հասնելը։