Երկու շաբաթ է, ինչ Հրազդանի բշժկական կենտրոնը աշխատում է շատ ծանրաբեռնված: Բնակիչները առավոտից հերթ են կանգնում, որ թեստ հանձնեն: Մեր տեղեկություններով՝ ԲԿ-ի աշխատակիցներից շատերը հիվանդացել են կորոնավիրուսով: Կորոնավիրուսից օրեր առաջ բժշկական կենտրոնի մեկ բուժաշխատակից է մահացել: Բժշկական կենտրոնի ծանրաբեռնված լինելը պայմանավորված է ոչ միայն բնակիչների դիմելիության աճով, այլ Հրազդանի բժշկական կենտրոնը ունի նաեւ բժիշկների կարիք: Մեր աղբյուրը մեզ հայտնեց, որ արդեն տեւական ժամանակ է բժիշկները մեկը՝ մյուսի հետեից աշխատանքից ազատվում են տնօրենի հետ կոնֆլիկտ ունենելու պատճառով:
Աշխատանքից ազատվել է նաեւ ուռոլոգ Վահագն Կիրակոսյանը, ով Հրազդանի ԲԿ-ի փոխտնօրենն էր: Կիրակոսյանը փոխտնօրեն նշանակվեց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «դաբրոյով»։ Ասում են, որ Կիրակոսյանի եւ ԲԿ-ի տնօրեն Արմեն Հախվերդյանի ջրերը մի առվով չեն հոսել: Վահագն Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, այլ աշխատանքի է անցել, եւ որեւէ կոնֆլիկտ չի ունեցել Արմեն Հախվերդյանի հետ:
Բնակիչների դիմելիության աճի, ինչպես նաեւ բժիշկների աշխատանքից ազատման հետ կապված փորձեցինք մի քանի հարց ուղղել ԲԿ-ի տնօրեն Արմեն Հախվերդյանին: Սակայն Հախվերդյանը մեզ նկատելով ճողոպրեց աշխատասենյակից: Տնօրենը, ում վրա անգամ բժշկական խալաթ չկար, արագ վերեւ բարձրացավ եւ միջանցքում հավաքված մարդկանց հորդորեց, որ հեռավորություն պահպանեն, իսկ մեր հարցերին այդպես էլ չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ աշխատանքի մեջ է. «Հեռախոսը անջատեք, ստեղ ձեր համար նկարահանելու տեղ չի, ես հիմա աշխատանքի մեջ եմ, դուք ինձ հիմա խանգարում եք»,-ասաց, ու արագ հեռացավ:
Բուժաշխատակցի մահվան հետ կապված պաշտոնական տեղեկատվություն չտրամադրեց նաեւ Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Անի Չիլինգարյանը.
«Բուժաշխատակցի մահվան հետ կապված դիմենք պարետատուն: Ես հիմա խորհրդակցության եմ, Հրազդանի ԲԿ-ում բժիշկների ազատման հետ կապված կպատասխանեմ խորհրդակցությունից հետո»: Պարետատնից` մեր հարցին ի պատասխան, ասացին. «Կլինի, որ գրավոր ներկայացնեք, ես հո չեմ տեսնում դուք ով եք, եւ այլն: Գրությամբ կարող եք դիմել առողջապահության նախարարությանը»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում