Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ: Այդ մասին հաղորդում է ռուսական «Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով Մոսկվայի ոստիկանության լրատվական ծառայությանը: 

Հարությունյանը կալանավորված է հուլիսի 13-ից՝ երկամսյա ժամկետով:

Հարցաքննությունն անցկացվել է «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում: Հարությունյանն այս պահին գտնվում է կալանավայրի մեկուսարանում, ուր տեղափոխվել է առողջական գանգատների պատճառով:

Հիշեցնենք՝ կիրակի օրվանից Մոսկվայում է գտնվում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով, ըստ Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության, պետք է հանդիպեր կալանավորված Հարությունյանի, նրա փաստաբանների և քրեական գործին առնչվող ռուս պաշտոնյաների հետ:

Պաշտպանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Կարեն Անդրեասյանը այցի մանրամասները կներկայացնի վաղը՝ վերադառնալուն պես:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, ասաց՝ ամենօրյա կապի մեջ են հոր փաստաբանների հետ, սակայն նրա հետ անձամբ չեն զրուցել: Ընտանիքի անդամները ցանկացել են մեկնել Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանին հանդիպելու, բայց ավելի ուշ փոշմանել են, Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ անվտանգության նկատառումներով:

 Աղբյուր`azatutyun.am: