Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանին թույլատրել են հանդիպել Հրաչյա Հարությունյանի հետ: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով Interfax-ին։ Կայքը նշում է, որ Կ. Անդրեասյանը Հարությունյանին կհանդիպի քննչական մեկուսարանում: «Մոսկվայի ոստիկանությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին թույլատրել է  հանդիպել մեղադրյալին»,- Interfax-ի հետ զրույցում հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել քաղաքային ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Դատարանի որոշմամբ՝ Հրաչյա Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է, իսկ կալանավրման մասին որոշում կայացնելիս նրան դատարան էին ներկայացրել կանացի խալաթով: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ մեկնել է Մոսկվա: Պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ Կարեն Անդրեասյանը գործը պատրաստվում էր քննարկել Հրաչյա Հարությունյանի փաստաբանների, խնդրի հետ առնչություն ունեցող պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վաղն առավոտյան Կարեն Անդրեասյանը կվերադառնա Հայաստան: 
Աղբյուր` 168.am