Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ապահովման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը:

Ըստ այդմ, նշվել է, որ կազմվել են 26 արձանագրություններ չնախատեսված վայրերում կայանում կատարելու, 8 արձանագրություններ՝ վարորդների ծխելու և 4 արձանագրություն էլ տրանսպորտային միջոցի անբավարար արտաքին տեսքի համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից հասարակական տրանսպորտի սպասարկման պատշաճ որակի ապահովման պարտավորության կատարումը:

«Մենք պետք է առավել խիստ և հետևողական լինենք սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման և երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: Առաջիկայում կքննարկենք նաև համայնքային ենթակայության տրանսպորտային միջոցներում փորձանական տարբերակով միասնական տոմսի ներդրման ծրագրի կազմակերպման հնարավորությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: