Ազգային ժողովը հունիսի 16–ին փակ գաղտնի քվեարկություններով 87 կողմ ձայներով համաձայնություն տվեց գլխավոր դատախազի երկու միջնորդություններին` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունների վերաբերյալ։

Քվեարկություններին մասնակցած՝ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում ունի 88 պատգամավոր։ Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը ԱԺ չէին եկել և քվեարկություններին չեն մասնակցել։

Բացի «Իմ քայլի» պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» քվեարկությանը չեն մասնակցել։

Քվեարկությունից անմիջապես հետո սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին քննարկել միջնորդություններին կողմ քվեարկածների նախկին կապը Ծառուկյանի հետ։

Օգտատերերից Արտաշես Ասատրյանը տեղադրել էր մի տեսանյութ, որում Արսեն Ջուլֆալակյանը պատմում է, որ իր բնակարանը նվիրել է Գագիկ Ծառուկյանը։ Ի դեպ, նա եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակում։

Օգտատերերը հիշեցրել են, որ «Իմ քայլից» Լուսինե Բադալյանը երկար տարիներ աշխատել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն ՀԸ-ում։

Վազգեն Սաղաթելյանն էլ գրել է. «Ծանոթացեք, «իմքայլական» պատգամավոր Կարեն Համբարձումյանն է։ Կարենը երկար տարիներ հանդիսացել է ԲՀԿ-ի Սյունիքի երիտթևի ղեկավար։ Կարենի հայրը՝ Հովհաննես Համբարձումյանը եղել է ԲՀԿ-ի Սիսիանի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ։ Կարենի աները՝ Աղասի Հակոբջանյանը երկու անգամ ԲՀԿ-ից ընտրվել է Սիսիանի քաղաքապետ։ Ինքը՝ Կարենը, 2017-ին հոր և աներոջ աջակցությամբ փորձել էր դառնալ Սիսիանի Համայնքապետ, սակայն ընտրություններից մի քանի օր շուտ՝ տեսնելով, որ չնայած հսկայական աջակցությանը չունի անձնական վարկանիշ, հանում է իր թեկնածությունը։ Դա սակայն չի խանգարում հեղափոխությունից հետո իրեն նշանակել Սյունիքի մարզպետ՝ իհարկե ԲՀԿ-ի կվոտայով։ Կհիշեք, էն որ եկել, ասում էր վախի մթնոլորտը պիտի ցրեմ։ Արդյունքում մենակ ինքն իրեն ցրեց մարզից ու երբ ժամանակները ծանրացան, ցրեց իրեն նաև ԲՀԿ-ից և այսօր արդեն պատգամավոր է «Իմ Քայլից» ու քվեարկում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, հետո նաև կալանավորելու օգտին։

Եթե Կարենը ունենար մի փոքր, չնչին, աննշան ինքնասիրություն, ապա երեկ մեքենայով մի որևէ ամայի տարածքում ինքն իրեն պատահական վթարի կենթարկեր, ձեռքը կջարդեր, գիշերը կմրսեր ու կասեր որ վիրուսի կասկած ունի, կմայրանար ծայրահեղ դեպքում, որ ոչ մի պարագայում չմասնակցի այսօրվա քվեարկությանը և չկատարի Նիկոլի հրահանգը։ Ինչպես տեսանք սակայն, դա իր մասին չէ։

Վստահեցնում եմ ձեզ, որ սա է էս «նորերի» հիմնական հավաքական կերպարն է։ Անիքնասեր, կյանքում որևէ բան չարած, որևէ բանի չհասած, կյանքից օբիժնիկ երեսպաշտ վախկոտ քայլառաստներ։ Ձեր տեսակը չունի ապագա, դուք խիստ ժամանակավոր երևույթ եք, որի օրերը հաշված են...