Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբում հանդես եկող «Շիրակ» և «Լոռի» ակումբների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Հարգելի գործընկերներ,
ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ,
Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես են գալիս անհայտ ծագումով և խիստ կասկածելի արդյունքներով աչքի ընկնող մի խումբ ակումբներ: Ասվածի վառ ապացույցն է նաև այն, որ կան հարուցված քրեական գործեր, որի արդյունքում մի շարք անձանց նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել:
Չնայած այս ամենին, ակումբները շարունակում են իրենց ելույթներն առաջին խմբում՝ մեծ վնաս հասցնելով երիտասարդ հայ խաղացողներին, ովքեր ընդգրկված են Առաջին խմբի այլ թիմերում:
Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը ևս մեծ հարված կրեց, երբ անհայտ անձանց կողմից ղեկավարվող «Երևան» ակումբը ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտություններ էր կրում մյուս մասնակիցներից, իսկ ձմռանը դադարեցրեց ելույթները:
Համաճարակի նմանվող այս արատավոր երևույթը կանխելու և հայկական ֆուտբոլը նմանատիպ թիմերից զերծ պահելու համար՝ պահանջում ենք հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը:
Նմանատիպ ակումբները պետք է զրկվեն նաև ՀՖՖ անդամ լինելուց: Անթույլատրելի է, որ նման ակումբները շարունակեն իրենց ելույթները ՀՖՖ կողմից կազմակերպվող մրցաշարարերին»։
Նշենք, որ «Լոռիի» նախագահը Թովմաս Գրիգորյանն է, իսկ «Շիրակի» նախագահը Արման Սահակյանը։