Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ
– Պարո՛ն Շիրինյան, նախ՝ սկսենք Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից։ Այս փոփոխություններով՝ 3 դատավորի պաշտոնանկությամբ և նախագահի փոփոխությամբ, իշխանությունների նշած ճգնաժամը լուծվե՞ց, թե՞ ոչ։
– Երկու օր առաջ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները դադարեցին, այլևս զարգացում չկա։ Հարցը հիմնականում լուծվեց։ Վատ էր, որ երկար ձգվեց, դա պիտի արվեր շուտ, արագ, որակով։ Իհարկե՝ կբողոքեն, կգոռգոռան, դա առիթ է նաև՝ ցուցադրվելու, բողոքելու, բայց հարցն արդեն լուծված է։ Ինչո՞ւ, ո՞րն է օրենսդրական բազան։ Մեր հանրապետությունը խորհրդարանական է, խորհրդարանական հանրապետությունում առաջնային մանդատ ունի միայն Ազգային ժողովը։ ԱԺ-ում «Իմ քայլն» ունի 88 ձայն, ինչը սահմանադրորեն կոչվում է որակյալ կամ բացարձակ մեծամասնություն։ Այս դեպքում խորհրդարանն ի վիճակի է առաջնային մանդատով ընդունել ցանկացած որոշում և, միաձայն քվեարկության դեպքում, ցանկացած որոշում օրինական է։ Եթե գումարենք դրան հեղափոխության փաստը, այդ փաստով է մեզ մոտ իշխանություն ձևավորվել, հետևաբար՝ այս իշխանությունն իր 88 ձայնով Հայաստանում լուծում է ցանկացած հարց, և որևէ դիմադրություն անօրինական է, հակասահմանադրական է և հակապետական է։
– Հրայր Թովմասյանը նշում էր, որ Սահմանադրական դատարանն իրեն հանձնված դիրքն է, նա դիրքապահ է և մինչև վերջ պայքարելու է, սակայն այս օրերին, երբ ԱԺ-ում օրինագիծ քննարկվեց և ընդունվեց, Հրայր Թովմասյանն արձակուրդ մեկնեց։ Այդպիսով նա հանձնե՞ց իր դիրքը։
– Նա փախավ «արժանապատվորեն»։ Ես ենթադրում եմ՝ ինչու։ Որովհետև նա գործարքի հույս ուներ, որ իշխանությունը, հավանաբար, իրեն խոստում կտար, որ արդարադատության նախարար եղած ժամանակվա քո սեփականաշնորհած և գողացած գույքի, նոտարական գրասենյակների համար պատասխան չես տա, գնա՝ կմարսես։ Բայց գործարք չեղավ, ինձ այդպես է թվում։
– Այս օրերին նաև վարչապետի հրաժարականն էին պահանջում, ընդդիմությունը՝ մի քանի կուսակցություններ, պատրաստվում էին հուշագիր ստորագրել, սակայն ՍԴ-ի շուրջ այս փոփոխություններից հետո այդ գործընթացը, կարծես, կասեցվեց։ Կապ կա՞ր այս երկու գործընթացների միջև։
– Իհարկե՛։ Երբ ասում եք՝ ընդդիմություն, պետք է բովանդակությունը բացահայտեք։ Այնտեղ քաղաքական ընդդիմություն չկա, կան նախկին ռեժիմի սպասարկուներ, շահառուներ և կողքից շահողներ, թափթփուկներ։ Այս բոլորը քաղաքական պաստառի տակ տեղավորվել են, ժողովուրդը պահանջում է սրանց կուլակաթափ անել, պատժել, իսկ նրանք քաղաքական կարգախոսներով պայքար են մղում, կոալիցիա են կազմում, ցրվում են և այլն։ Բայց դա Հայաստանի անցյալն է, դրա համար առաջարկում եմ այսօրվանից այդ անցյալին չնայել։ Մի երկրում, երբ որևէ ուժ խորհրդարանում 71-72% ձայն ունի՝ նույնիսկ ամենահետամնաց երկրներում, ուրեմն այնտեղ գերագույն ղեկավարի պաշտոնանկություն ոչ մի խելագար չի պահանջում։ Իսկ ՍԴ-ի շուրջ, կրկնեմ, զարգացում չկա։ Դա օգտագործեցին որպես բաստիոն։ Ակնհայտ երևում էր, որ Ռոբերտ Քոչարյանը ճակատամարտ պիտի տար, «արդարանար» Սահմանադրական դատարանում։ Քանի որ ՍԴ-ի հարցը իշխանությունն ավելի շուտ օրենքի շրջանակում փակեց, քան իրենք հասցրեցին դա անել, դրա համար «ֆոկուսնիկ» փաստաբանները գործը հետ վերցրեցին։ Ձեզ համար արտառոց չէ՞, գործը տարել են, հետ են վերցնում՝ իմանալով, որ Հրայր Թովմասյանն այլևս չի կարող որևէ դեր խաղալ։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանն այսուհետ կկատարի իր վրա դրված պարտականությունները և չի սպասարկի գողապետության շահառուների շահերը։ Բայց, ես ինչքան հասկացա, ՍԴ-ն այդ գործը քննելու է, որովհետև վարույթ է վերցրել, բայց պարզ է, որ մերժելու է։
– Պարո՛ն Շիրինյան, այս օրերին, երբ ՍԴ-ի հարցը լուծվեց, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարեց իր խոհանոցային վիդեոշարքը դադարեցնելու մասին։ Սա ուղղակի զուգադիպությո՞ւն էր։
– Այսինքն՝ «պադվալի Վաղոն» այլևս իր ֆունկցիան կատարեց։ Մավրն իր գործն արեց, թույն տարածեց, սուտ, կեղծիք, և այլևս անիմաստ է, հիմա նրանց տակտիկան պիտի փոխվի։ Պիտի մտածեն՝ ինչպես ճողոպրեն, այլևս չկա այն խրամատը, որտեղ ճակատամարտ էին տալու։ Ես իրենց խորհուրդ եմ տալիս՝ գնալ դատարաններ, տղամարդավարի արդարադատության առաջ կանգնել և ապացուցել սեփական անմեղությունը։
– Միքայել Մինասյանի այս տեսահոլովակներն ի՞նչ ազդեցություն ունեցան, ի՞նչ խնդիր էր ուզում նա սրանցով լուծել և արդյո՞ք կարողացավ հասնել դրան։
– Իրենք մի խնդիր ունեին՝ վարկաբեկել վարչապետին։ Ինչո՞ւ։ Որովհետև մեզ մոտ իշխանությունը ձևավորվեց, հանգամանքների բերումով, վարչապետի անձնական հեղինակության, հմայքի վրա։ Եթե տապալվում է վարչապետը, տապալվում է Հայաստանի Հանրապետությունը։ Իրենք իշխանության տապալման կուրս էին վարում, որը չստացվեց։ Իսկ ազդեցություն ունեցան, թե՝ ոչ․․․ ապուշների վրա՝ այո՛, որոնք իրենց մեջ էին, ժողովրդի վրա՝ ոչ մի։ Բայց նաև լավություն արեցին, իշխանությունը հասկացավ, որ պետք է ավտորիտար մեթոդներ կիրառել, իշխանությանը հակահարձակման մղեցին։ Հիմա խնդիրը երկրի վերակառուցման մասին մտածելն է, դրանք արդեն անցած բաներ են։
– Ձեր կարծիքով՝ հասարակությունն ինչպե՞ս վերաբերվեց Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսանյութերի շարքին։
– Հասարակությունը թքած ունի Մինասյան Միշիկի վրա։ Հասարակությունն այսօր տառապում է կորոնավիրուսից, բերքից, բերքահավաքից, հայրենիքի պաշտպանությունից․․․ հասարակությունն այս կյանքով է ապրում, դրա համար էլ ժողովրդական աջակցություն չստացավ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։