«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը երեկ ստացել է նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իր կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայության պաշտոնական պատասխանը։ «Ժողովուրդ» օրաթերթը իր հունիսի 30-ի համարում գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, և կուսակցության նախագահն արդեն ստացել է այդ մասին պաշտոնական տեղեկությունը: Իսկ ի՞նչ է ասված փաստաթղթում. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել:
Իհարկե, սպասելի սցենար էր, քանի որ արտակարգ դրության պայմաններում նման գործի քննությունը, բնականաբար, կարող է վնասել վարակի դեմ պայքարի գործընթացին, առավել ևս, որ կուսակցության նախագահի դիմումը ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ էր, այլև ՀՀ վարչապետի: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու և աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով:
Նկատենք, որ դրան զուգահեռ ԱԺ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի միայն Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում: Եվ հետաքրքիր է, որ երեկ սոցիալական ցանցերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն արդեն դժգոհում են, որ այս համավարակի օրերին ընդդիմադիր խմբակցությունները նման նախաձեռնությամբ են հանդես եկել: Սա նշանակում է, որ այս հանձնաժողովն էլ անդամների սահմանված թիվը չապահովելու հիմքով կմնա չկայացած»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: