Թե գրիպը, եւ թե նոր կորոնավիրուսը մեծացնում են ինսուլտի վտանգը, բայց կորոնավիրուսային վարակի դեպքում այս ռիսկը 8 անգամ ավելի մեծ է, քան գրիպի դեպքում: Այս մասին նշվում է JAMA Neurology ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:
Հետազոտողները պարզել են, որ COVID-19 ունեցող ավելի քան 1900 հիվանդի շրջանում, որոնց տվյալները հաշվի են առնվել հետազոտության մեջ, 1.6 տոկոսը ինսուլտ է տարել՝ գրիպով լուրջ վարակված գրեթե 1500 հիվանդների 0.2 տոկոսի համեմատ։
«Բժիշկներն, ովքեր զբաղվում են COVID-19-ով վարակված հիվանդների բուժմամբ, պետք է զգոն լինեն ինսուլտի նշանների եւ ախտանիշների նկատմամբ, քանի որ արագ ախտորոշումը կարող է արդյունավետ բուժում թույլ տալ։ Փաստորեն, մեր արդյունքները հաստատում են այն տեսակետը, որ COVID-19 վարակն ավելի ծանր է, քան գրիպի վարակը»,- նշել է Նյու Յորքի Weill Cornell-ի նյարդաբանության ամբիոնի դոցենտ, հետազոտող դոկտոր Նիլ Փարիհը։
COVID-19- ը մեծացնում է անոթներում արյան թրոմբերի ձեւավորման ռիսկը, որոնք իրենց հերթին կարող են կաթվածների պատճառ դառնալ։
Ինչպես բացատրել է Նյու Յորքի Lenox Hill հիվանդանոցի ինսուլտի տնօրեն դոկտոր Սալման Հազարը, կորոնավիրուսը գրոհում է արյան անոթները, ինչն էլ հանգեցնում է ինսուլտի հանգեցնող թրոմբների ձեւավորմանը։
Հիշեցնենք, որ 62-ամյա ֆրանսիացի տղամարդը շատ հազվագյուտ խնդրի էր բախվել կորոնավիրուսային վարակի բուժման ժամանակ․ առնանդամի մեջ անոթների խցանած թրոմբներ պատճառով նրա մոտ պիապիզմ էր առաջացել՝ երկար եւ ցավոտ էրեկցիա, որը կապված չէ սեռական գրգռվածության հետ: