Օրեր առաջ YerevanNews.am-ի խմբագրություն ահազանգեց Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչներից մեկը, ով դժգոհում էր ՍԲ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանից:
Պետք է նշենք, որ բնակիչը դժգոհում էր իրենց նկատմամբ հոգևոր հովիվի վերաբերմունքից և հոգևորականին ոչ վայել պահվածքից:
Բնակչի մտահոգությունները անպատասխան չթողնելու համար, YerevanNews.am-ը զրուցեց նաև ՍԲ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի հետ, ում էլ ուղղեցինք բնակչին մտահագող հարցերը և պարզաբանումներ ստացանք:
Ստորև ներկայացնում ենք այն հարցերը, որոնք էլ մտահոգության առիթ են հանդիսացել բնակչի համար:
-Բնակչին մտահոգում է հատկապես այն հարցը, թե ինչու՞ Սբ Աստվածածին եկեղեցին չունի երկու սպասավոր:
-Անկեղծ շատ կուզեմ, որ երկրորդ քահանան էլ լինի, անկեղծ եմ ասում, կեղծավորություն չկա ասածիս մեջ: Ինձ համար շատ ավելի հեշտ կլինի, որ ունենամ հանգստյան օր: Բայց այդ ամեն ինչից զատ հոգևորական եկեղեցում նշանակվում է հետևյալ ձևով: Նայում են բնակչության քանակին, և նոր նշանակում: Քաղաքի եկեղեցում մի քանի հոգևորական կա, քանի որ ավելի շատ մեծ թվով մարդկանց է սպասարկում: Իսկ Նորք Մարաշի բնակչությունը թվով շատ չէ: Եվ ավելին ասեմ, երբեք չի եղել որևէ մեկը, որ դժգոհի, որ քահանան չի հասցնում բոլորին սպասարկել: Չի եղել, որ գան ինձ բողոքեն իմ որևէ ասածի համար: Ես բողոքողներին ճանաչում եմ: Տարիներ առաջ էլ եղավ այսպիսի դեպք, ես հստակ գիտեմ, դրանք այն մարդիկ են, ովքեր իսկապես դժգոհ են իմ աշխատանքից, որովհետև ես անում եմ այն, ինչ պարտավոր եմ անել որևպես հոգևորական:
- Կարո՞ղ ենք մտածել, որ այդ ամենի հետևում աղանդավորական շարժում է կանգնած:
-Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց եթե մարդը փորձում է բացեիբաց որևէ հոգևորականի դեմ որևէ բան անել, ես չեմ համարձակվում իրեն զանազանել: Գործելաոճը միաժամանակ վնաս է բերում եկեղեցուն: Ընթերցողը, լսողը մտածում է, որ մարդիկ եկեղեցու դեմ են բողոքում: Խնդիրը այստեղ անձնականի բան չէ: Ես կոչ եմ անում զանգողների, որ եթե ցավում եք եկեղեցու համար, մոտեցեք ասեք, փորձենք կոմպրոմիսի գալ: Ասել են, որ ես կոպիտ եմ, չոր եմ, ես նման բան չեմ հիշում: Ես չոր խոսել եմ եկեղեցում, նկատողություն արել եմ, բայց այն մարդկանց, ովքեր իրենց ճիշտ չեն պահել եկեղեցում: Եթե մարդը հարբած մտնում է եկեղեցի, ես պարտավոր եմ նրան կարգի հրավիրել: Բա էլ ինչի համար եմ ես: Ես հոգևոր հովիվ լինելով նաև այգեպան եմ, պահակ եմ, ես չեմ զլանում և իմ պարտավորությունները կատարում եմ: Եթե մարդ կա, որ դժգոհ է, թող մոտենա ասի, բայց ինչ վերաբերում է համայնքի անունից խոսելուն, ես լուրջ չեմ վերաբերում:
-Բնակչին մտահոգում է նաև այն, որ դուք չեք ուզում դիտավորյալ երկրորդ սպասավոր ունենալ, քանի որ ձեր որդուն եք խորան բարձրացնում:
- Լուրջ մարդը նման բան չէր ասի, քահանայի ծառայությունը զինվորի ծառայություն է, ես չեմ որոշում գամ այստեղ ծառայեմ, ես չեմ որոշում տղաս կդառնա հոգևորական թե չէ, իմ տղան գալիս է, իմ քրոջս տղան էլ է գալիս, ես շատ ուրախ եմ դրա համար: Ես այդ կիրակի օրվա մի քանի ժամը օգտագործում եմ երեխաներին հոգևորական դասեր ստանալու համար:
- Ստացվում է, որ դուք Ձեր երեխայի մասին եք մտածում, իսկ մյուսներն այդ դեպքում ի՞նչ անեն:
- Թող գան ասեն եկել եմ, ուզում եմ տղաս խորան բարձրանա, ասել եմ չէ՞:
- Իսկ ցանկացած մարդ կարո՞ղ է խորան բարձրանալ:
- Ցանկացած տղա, անկախ տարիքից, չնայած ցանկալի է, որ մի քիչ հասուն տարիքի լինի, որ չհոգնի: Եթե մարդը գալիս է, ես իրավունք չունեմ մերժելու:
-Ահազանգող բնակչի կողմից շեշտվում էր հատկապես այն հանգամանքը, որ դուք հովանավորվում եք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Նորք Մարաշի թաղապետի կողմից: Նշեց նաև, որ Ձեզ շատ են տեսնում թաղապետին պատկանող ռեստորանում :
- Ես ոչ գեր եմ, ոչ կերած-խմած եմ: Եթե ես մինչևը ուշ գիշեր այնտեղ լինեի, ես ավելի գեր կլինեի: Չեմ հասցնում ճաշել: Այո թաղապետը ռեստորան ունի Մարաշում, այո ժամանակ առ ժամանակ լինում եմ, երբ հուղարկավորություն է լինում, որպես քահանա մասնակցում եմ, հաց են տալիս, եթե մարդը ունի միջոցառում, որ ինձ հրավիրում են, ես չցանկանալով կամ ցանկանալով հանդերձ չեմ կարողանում մերժել, մասնակցում եմ, ես չեմ գնում ուտել-խմելում այլ գնում եմ այդ հացն օրհնելու: Այո, ես թաղապետի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, որովհետև օր ու գիշեր նա մտածում է ինչ անի, որ եկեղեցու բակում ինչ-որ հետաքրքիր բան լինի: Իրենք դժգո՞հ են, որ եկեղեցին օր օրի ծաղկում է: