Այսօր Սայաթ-Նովա –Նալբանդյան  խաչմերուկի բակում  շինարարություն էր տեղի ունենում, որտեղ հավաքվել էին շենքի բնակիչները, ովքեր համաձայն չէին այդ որոշման հետ: Այդտեղ  էին նաև մի խումբ ոստիկաններ և շինարարություն իրականացնող «Լարկո Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ի դեմս տնօրեն Գագիկ Հախվերդյանի:

Բնակիչներից մեկը YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մեկ ամիս առաջ տեղեկացրել են, որ քաղաքապետարանը 80 մ2 տարածքը վաճառել է մի  քաղաքացու և թույլ  է տրվել կատարել շինարարություն: Բնակչի խոսքերով, այդ տարածքում պետք է հյուրանոց կառուցվի: «Այդ տարածքի վրա թույլ է տվել 200-230 մ2 շինարարություն, այսինքն փողոցն է տվել, երեխաների խաղալու համար նախատեսված բակը»:

Բնակիչներն ընդվզում են, քանի որ  տարածքն ինքնին փոքր է  և շինարարության հետևանքով մարդիկ չեն կարողանա որևէ քայլ անել:

Մեկ այլ բնակիչ  Անաիդա Հովսեփյանի խոսքերով, իրենք հունիսի 21-ին դիմում-բողոքով դիմել են քաղաքապետարան, որի տակ ստորագրել են մոտ 100 բնակիչներ և այնտեղից կտրոն է ներկայացվել, որ պատասխանը կտրվի 10 օրվա ընթացքում:

«Պաշտոնական պատասխանը ստացվել է միայն երեկ: Քաղաքապետարանի պատասխանի մեջ նշված է, որ հաշվի առնելով դիմում-բողոքը, կվերանայվի և լրացուցիչ պատասխան կտրվի: Այսինքն, գործը քննարկման մեջ է», - նշեց բնակիչը, հավելելով, որ իրենք այսօր դիմել են թաղապետին, ով խոստացել է այս խնդրով դիմել նաև քաղաքապետին:

«Որոշումը ցույց է տրվել, սակայն որոշման կնիքների մեջ չկա որևէ ամսաթիվ և տարեթիվ, ոչ էլ ստորագրություն: Միայն դատարկ կնիքներն են դրված», - շեշտեց նա:

YerevanNews.am-ը զրուցեց նաև շինարարության թույլտվություն ստացած  «Լարկո գրուպ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Հախվերդյանի հետ, ով նշեց, որ իրենք ունեն բազմաֆունկցիոնալ շենքի շինարարության թույլտվություն, որի նախագիծը ներկայացվել է բնակչությանը և այն դեռ գտնվում է քննարկման փուլում ներդրողների և բաժնետերերի կողմից:

 «Դա կարա լինի օֆիսային տարածքներ, դա կարա լինի կլինիկա, դա կարա լինի ինչ-որ հասարակական նշանակության բան, բայց ես հավաստիացնում եմ, որ այստեղ ոչ մի ռեստորան չի լինելու», - նշեց նա, հավելելով, որ  ինքն ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ամեն ինչ օրինականության դաշտում է:

«Թող գան ստուգեն, եթե սխալ բան եմ անում, կա քաղշին, կարա գա կասեցնի իմ աշխատանքը, եթե սխալ փաստաթղթեր են, կարա դատարան տա, դատարանը որոշի», - հայտարարեց ՍՊԸ-ի տնօրենը:

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ իրենք տեսել են որոշումը և իրենք միայն ասում են, որ որոշում կայացնողը սխալվել է և թույլ չեն տալիս սկսել շինարարությունը, քանի որ առանց այն էլ տարածքը գերհագեցած է:

 Մի կին էլ մեզ հետ զրույցում նշեց. «Սարքողներից մեկը ասաց ավելի լավ չի՞ ձեր տղաները սիրուհիներին հյուրանոց կբերեն, ձեր տուն չեն բերի»: