Ռուսաստանի Չեչնիայի ինքնավար հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը անդրադարձել է հայ-ադրբեջանական՝ հուլիսի 12-ից սկսված սահմանային լարվածությանն ու զինված բախումներին։ Իր տելեգրամյան ալիքում նա գրառում է կատարել՝ ընդգծելով, որ չեչեն ժողովուրդը, ավելին քան որեւէ մեկը գիտի խաղաղության գինը եւ այն մեծ վիշտը, որ իր հետ բերում է պատերազմը։
Նա շեշտել է, որ Չեչնիայի համար եւ Հայաստանը եւ Ադրբեջանը հանդիսանում են եղբայրական երկրներ, իսկ ցավալի իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այդ երկրների միջեւ, վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ ողջ Կովկասին եւ ԱՊՀ-ին։ «Կոչ եմ անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին եւ մյուս դաշնակից երկրներին քայլեր ձեռնարկել՝ բախումները դադարեցնելու համար։ Կոչ եմ անում հոգեւորականությանն ասել իրենց ծանրակշիռ խոսքը։ Պետք է անել ամեն բան, որպեսզի կողմերը մեկմեկու ձեռք մեկնեն եւ հասնեն խաղաղության։ Հակառակ պարագայում, Բարձրյալը թող այդ օրը չտա, եթե մասշտաբային պատերազմ սկսվեց, ապա հետեւանքները լինելու են ողբերգական ոչ միայն Կովկասի համար»,- ասել է նա։
Քադիրովը շեշտել է, որ բացահայտ պատերազմի դեպքում ցավը, վիշտն ու տառապանքը, զոհվածներն ու հաշմանդամ դարձած վիրավորներն են ավելանալու, երեխաներ են որբանալու, իսկ հաղթողներ չեն լինելու։