Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հավաստիացրեց, որ Տարոն Մարգարյանն  այսօր հրապարակային կդիմի հանրությանը: Այսպես պատասխանեց փոխքաղաքապետը վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե ի՞նչ է որոշում անել քաղաքապետարանաը վերջին օրերին հասարակության կողմից բարձրացված տրանսպորտի թանկացման հարցի հետ:

«Երևանի քաղաքապետն այս օրերին անձամբ հետևել է սակագնի վերաբերյալ ՀԿ-ների հնչեցրած գնահատականներին, վերլուծություններին, ինչպես նաև հանդիպել է տարբեր հասարակական և սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ և այս պահին հարցը քննարկվում է ավագանու կուսակցական խմբակցությունների հետ»,-իր խոսքում նշեց Կամո Արեյանը:
 

Վարչապետն իր հերթին նշեց, որ Հայաստանում ձևավորվում են ուժեր՝ հանձին քաղաքացիական հասարակության, և իրենք պետք է նրանց կարծիքը հաշվի առնեն որոշումներ կայացնելիս:

«Մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս: Ձեզ հետ միասին տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն և մենք պարտավոր ենք դա հաշվի առնել: Եվ պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձևավորմանն առնչվող բոլոր խնդիրներին»,-նշեց վարչապետը:

Տ.Սարգսյանը հայտարարեց, որ կարևոր որոշումներ կայացնելիս պետք է անցկացնենք հանրային լսումներ անպայմանորեն պետք է քննարկվեն հանրության հետ և դրանում ներգրավվեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: