Տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը  մեկ օրում չի կայացվել, դա վաղուց էր որոշված,  քանի որ գծատերերը կրկին ցանկանում են շահույթ ստանալ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման հայտարարություն արեց  «Ես» ամսագրի գլխավոր խմբագիր, «Free car,  չենք վճարելու 150 դրամ» ակցիայի   մասնակից Անի Քոչարը: Նա հիշեցրեց քաղաքապետի մեկ այլ խոստման մասին ևս, որ  ընտրություններից առաջ  Տարոն Մարգարյանը խոստացել էր, որ  տրանսպորտային միջոցները կհարմարեցվեն նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց, սակայն դա էլ չի կատարվել:

«Այս ամենը արդյունք կտա միայն այն դեպքում, երբ ժողովուրդը  շարունակի պայքարել և չվախենա», - նշեց նա, հավելելով, որ  վարորդները գործադուլ  չեն անում,  քանի որ  բոլորը չեն միավորվում և վախենում են աշխատանքը կորցնելուց:

Անի  Քոչարի կարծիքով,  բոլոր  որոշումներն ու նույն այդ որոշումների փոփոխությունները կատարվում են նախագահի իմացությամբ և միայն Տարոնն ինքն իրենով  չէր կարող այդպիսի որոշումներ կայացնել: «Բնականաբար  նաև քաղաքապետի  շահերից է, որ գծատերերը չտուժեն: Եթե նույնիսկ ժամանակավորապես  հին գին լինի` կրկին նախագահի որոշմամբ կլինի», - նշեց նա, հավելելով, որ մեծ հավատ ունի, որ գոնե այս անգամ կզիջեն և որոշումը կլինի ի հօգուտ ժողովրդի:

Նա նշեց, որ երեք օր է միացել է «Free car, չենք վճարելու 150 դրամ» ակցիային, ավելի շատ տեղափոխում է ծայրամասերի բնակիչներին, քանի որ նրանք ետ են մնում այդ ամենից: «Ամոթ չէ վճարել 100 դրամ, ամոթ է վճարել 150 դրամ, երբ կողքինդ միգուցե չունի այդ 50 դրամը», - նշեց նա:

Անդրադառնալով, ուղեվարձի թանկացման դեմ հայ հայտնիների սոցիալական գովազդին, Ա. Քոչարը նշեց, որ այն պատրաստել է «Կարգին TV»-ի թիմը` ի դեմս Հայկ և Արման Մարությանների: Նա նաև նշեց, որ խոսակցություններ և ցանկություն կա, որ նկարահանվի նաև  երկրորդ հատվածը և այնտեղ ընդգրկված կլինեն «Free car» ակցիայի մյուս մասնակիցները ևս:

Անի Քոչարը նաև  հավելեց, որ նույնիսկ ուղեվարձի նախկին 100 դրամ դառնալու դեպքում, իրենք շարունակել են մարդկանց տեղափոխել իրենց մեքենաներով: