«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 14-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը փորձել է մուտք գործել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն եւ խուզարկություն իրականացնել, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. ԱԱԾ աշխատակիցները անսպասելի կերպով բացահայտել են, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները եւս գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը՝ «Պարտեզ» ռես­տորանում տեղի ունեցած միջադեպի գործով խուզարկության նպատակով:

Այդ գործի հետ առնչվում է Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Երկու իրավապահ մարմինները սկսել են խոսակցություն ունենալ Ծառուկյանի առանձնատանը, թե ինչպես է մեկը մյուսի գործողություններին խանգարում, եւ պետք մի ուժային կառույցը դուրս գա տարածքից:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն ընդամենը Գագիկ Ծառուկյանի որդուն ծանուցում է տվել՝ հարցաքննության ներկայանալու, եւ հեռացել դեպքի վայրից, որից հետո էլ ԱԱԾ-ն անցել է իր գործողություններին:

«Ժողովուրդ» օրաթերթն իր ունեցած տեղեկության շուրջ զրուցել է Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ. որը հաստատեց տեղեկությունը: «Իմ տեղեկություններով՝ նույն օրը նաեւ Քննչական կոմիտեն խուզարկության ընթացքում ծանուցագիր է բերել:

Քննչական կոմիտեն մինչև հիմա խուզարկություն չի կատարել, քանի որ չկա դատարանի որոշում: Իմ կարծիքով՝ Քննչական կոմիտեն չի էլ իմացել, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է կատարելու, քանի որ խուզարկությունը գաղտնի գործողություն է, եւ չեմ էլ կարծում, որ դա այլ մարմին պետք է իմանար»:

Ստացվում է՝ իրավապահ մարմինները միմյանցից տեղյակ չեն եղել: ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են «բախվել» միմյանց, մինչդեռ ՀՀ դատախազությունը՝ որպես քրգործերով վերահսկող մարմին, պարտավոր էր իրավիճակը վերահսկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում