Ազգային ժողովի 3 խմբակցությունները ներկայացնող պատգամավորների ստորագրություններով գրություն կուղարկվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ Այնտեղ կներկայացվեն բուհ չընդունված դիմորդների, նրանց ծնողների առաջարկությունները, ինչպես նաեւ առանձին դիմորդների խնդիրները, որոնք այս կամ այն (օրինակ՝ տեխնիկական) պատճառներով չեն կարողացել բուհ ընդունվել։
Այս մասին հայտարարվել է ԱԺ-ում բուհերի ընդունելության նոր կարգի հետ կապված քննարկման ժամանակ։ Դրան մասնակցում էին պատգամավորներ բոլոր 3 խմբակցություններից, «Պահանջատեր դիմորդ» շարժման 4 մասնակից՝ 2 ծնող, 2 դիմորդ։ Շարժման մասնակիցները կրկին ներկայացրել են իրենց բողոքներն ու առաջարկությունները․ լավ իրազեկված չեն եղել նոր կարգին, ամբողջ օրը հեռավար իրենց առարկաներն են պարապել, պարտավոր չէին լսել նախարարի ֆեյսբուքյան ուղիղ եթերները, կարելի էր պաշտոնական ձեւով տեղեկացնել։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ իրազեկման այլ տարբերակներ կիրառելուց բացի, նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է ընդունելության նոր կարգի մասին:
Հնչող մեղադրանքները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ոչ միանշանակ է ընդունել։ Նա համաձայնել է, որ իրազեկումը միգուցե պատշաճ չի եղել, սակայն, ամեն դեպքում, նոր կարգին պարտավոր էին ծանոթանալ։
«Դուք կարող է չիմանաք գյուղատնտեսության ոլորտում ինչ օրենքներ են բերում, չիմանաք նանոտեխնոլոգիաներից, բայց պետք է իմանաք՝ ինչ է կատարվում ընդունելության քննությունների կարգում»,- նկատել է պատգամավորը։
Նա այս ամենը բանկ-հաճախորդ հարաբերությունների հետ է համեմատել, երբ պայմանագիր է կնքվում, այն չեն կարդում, գալիս է վճարելու ժամանակը, ասում են, թե փոքր տառերով էր գրված, չգիտեին։
Պատգամավորը խնդրել է փոխել վերաբերմունքը: Համաձայն չէ, որ ԿԳՄՍՆ-ն միտումնավոր է արել, որ դիմորդները դժվարությամբ ընդունվեն, կամ խնդիրներ առաջանան։ «Եթե երեխան առաջին տարում անգամ 0,5 միավորով դուրս է մնում, պետք չի սա սարքել անձնական ողբերգություն, ազգակործան ծրագիր որակել այս ամեն ինչը: Իմ հայրը 6-րդ տարում նոր ընդունվել է իրավաբանության ֆակուլտետ, ես դժվարությամբ եմ ընդունվել»,- ասաց նա։
Ստեփանյանը շեշտել է, որ յուրաքանչյուրին առաջարկվել է այլընտրանք, որին մի մասը համաձայնել է, մի մասը՝ ոչ։ Այնուամենայնիվ, քանի որ Հայաստանը փոքր երկիր է՝ ոչ շատ մեծ ռեսուրսով, յուրաքանչյուր դիմորդի, ուսանողի խնդիր, որը վերջնական արդյունքի չի հասել, իրենց համար խնդրահարույց է, եւ դեռ այս հարցով կլինեն հանդիպումներ ԿԳՄՍ փոխնախարարի եւ նախարարի հետ։
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե միավորները փոփոխել են․ սկզբում այլ միավոր են հայտնել, հետո՝ այլ, կոչ է արել նման դեպքերում դիմել իրավապահ մարմիններին։
Դիտարկումներին ցանկացել է պատասխանել ներկա դիմորդներից մեկը, սակայն պատգամավորը թույլ չի տվել՝ նշելով, որ պետք է ամփոփել քննարկումը եւ նկատողություն արել՝ ձայնը բարձրացնելու համար։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ կցանկանար այնտեղ տեսնել մարդկանց, որոնք իսկապես խնդիր են ունեցել եւ չեն ընդունվել բուհ, օրինակ, տեխնիական կամ այլ միջոցների պատճառով։ «Մարդը եկել կռիվ է անում՝ ինչո՞ւ առաջին հայտով չի ընդունվել, որովհետեւ չի բավարարել միավորները»։
Նա նշել է, որ ինքն անձամբ Dimord.am կայք չի մտել, չի ծանոթացել հոլովակին կամ փոքր տառերով գրված հատվածին, որը քաղաքացիները չեն նկատել, սակայն կարծում է՝ դիմորդները պետք է կարդային, ուշադիր լինեին։
Նա, այնումանենայնիվ, չի բացառել, որ պատշաճ իրազեկման դեպքում հնարավոր է՝ նման խնդիրներ չառաջանային, սակայն հարցը միայն ԿԳՄՍՆ-ի վրա բարդելը ճիշտ չի համարում։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն էլ լրագրողների հետ զրույցում հակառակն է նշել, որ պետք չէ խնդիրը բարդել միայն քաղաքացու վրա, թե նա չի կարդացել, չի լսել. «Ներողություն, որն է լիազոր մարմնի աշխատանքի իմաստը»։
Կոստանյանը նշել է, որ ամեն օր տարբեր դիմորդներ են իրեն գրում, նա հնարավոր տարբերակ է համարում որոշ բուհերում տեղեր բացվելն ու դիմորդներին ընդունելը։
Պատգամավորն անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վերջերս արած պնդմանը, թե բողոքները քաղաքական երանգ են ստանում։
«Անկեղծ ասած Հարությունյանի մեղադրանքներից չեմ վախենում, բազմիցս շեշտել եմ, որ սա քաղաքական հարց չէ, բացառապես ազնիվ պայքար է»,- նշել է նա։
Նյութի աղբյուրը՝ Armtimes.com