Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ:
Սակայն, ինչպես հաճախ պատահում է բազմազավակ մայրիկների հետ, երեխաների խնամք, ճաշ, տնային այլ հոգսեր… գործով ընկած մոռացել էի հեռախոսազրույցի մասին:
Պայմանավորված ժամից մեկ ժամ անց ինքս զանգահարեցի պարոն Բաղումյանին, ներողություն խնդրելու և հարցնելու, թե ինչի մասին պետք է խոսեինք:
Եւ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հեռախոսի այն կողմից լսեցի հետեւյալ տեքստը.
«Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»:
Դա հուլիսի 15-ն էր, այսինքն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանը:
Ցանկացած այլ օր, այս խոսքերը կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն:
Սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետեւ ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական: Չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը:
Ես, իհարկե, պարոն Բաղումյանին շնորհակալություն հայտնեցի, թեեւ վստահ եմ` բառերով այդպես էլ չկարողացա արտահայտել զգացածս: Առաջարկեցի հետևյալը, որ մենք կմտածենք տարբեր ծրագրեր, իրեն կներկայացնենք, և ինքը կընտրի, թե կոնկրետ ինչ եղանակով մեր պաշտպաններին հասնի այդ գումարը:
Պարոն Բաղումյանի պատասխանը այնքան պարտավորեցնող էր: Նա ասաց, որ իրեն ոչինչ ներկայացնելու կարիք չկա, ինքը վստահում է ինձ և 250 հազար դոլարը շուտով կփոխանցի հիմնադրամին` հայրենիքի պաշտպաններին հասցեագրելու համար:
Շնորհակալություն, պարոն Բաղումյան, խորին շնորհկալություն:
Հ.Գ. Իմ քայլը հիմնադրամում այժմ քննարկում ենք, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրենք այդ գումարը զինվորներին և սպաներին հասցնելու համար:
Առաջիկայում այս մասին ավելի հանգամանալից տեղեկատվություն կլինի:
Լուսանկարը` 2019 թվականի»: