Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջեւ առկա փոխհամագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացելով սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն: Նախարար Տոնոյանը առաձին ուշադրություն է դարձրել նաեւ ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին եւ դեռեւս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային ընթացիկ եւ հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերներին եւ այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջեւ: