Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ Երևանի քաղաքապետի հանդիպումը: Ըստ էության, բովանդակային քննարկում, որպես այդպիսին տեղի չի ունեցել: Երևանի քաղաքապետը ներկայացրել է իր դիրքորոշումն ու հիմնավորումները`տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ, ինչը մեզ համար շարունակում է մնալ անընդունելի: Հարցի լուծումը գտնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը ևս այս պահին համարում ենք ոչ արդյունավետ, քանզի դա խնդրի լուծումը արհեստականորեն ձգձգելու է: Տրանսպորտի ոլորտը բարելավելու նպատակով աշխատանքային խումբ կարող է ստեղծվել միայն նախկին սակագնին վերադառնալուց հետո:


ԲՀԿ խմբակցությունը մնում է իր այն վստահ դիրքորոշմանը, որ սոցիալական այս գերլարված պայմաններում օր առաջ պետք է լուծում տալ այս խնդրին:  Որպես առաջին քայլ` վերադառնալ նախկին գործող սակագնին, ինչպես նաև սոցիալական փաթեթներ մշակել ուսանողների և սոցիալական տարբեր խմբերի համար:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ տրանսպորտի սակագնի բարձրացում չի լինելու: Կարծում ենք, որ ցանկացած պաշտոնյայի համար քաղաքացուն տված խոստումը պետք է անբեկանելի լինի:

ԲՀԿ խմբակցությունը երբեք դեմ չէ որևէ հարցի համակողմանի քննարկմանը, և մենք վստահ ենք, որ այս հարցը քննարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու լավագույն հարթակը ավագանու արտահերթ նիստ հրավիրելն է»: