Երեկ քննարկել ենք հանրակրթական պետական չափորոշիչը, որը վարչապետի աշխատակազմում է և առաջիկայում պետք է կառավարության նիստով ընդունենք: Այդ մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ շատ լայն քննարկումներ կան, ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ շրջանառության մեջ դրված նախագիծը արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, և այս ընթացքում այն կլավարկվի՝ անցնելով ընթացակարգերով»,-ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ փուլով կառավարությունում քննարկումներ կլինեն առարկայական չափորոշիչների վերաբերյալ:
«Արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումները ամբողջությամբ բաց կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների և յուրաքանչյուր անհատի շահերից: Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է և որևէ մի բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այս օրվանից կյանքի կոչելու և հանրակրթության չափորոշիչը այս իմաստով ունի կարևորագույն և առանցային նշանակություն»,- ասաց նա: