Ի տարբերություն Երևանի նախկին քաղաքապետերի՝ Տարոն Մարգարյանն ավելի ճկուն գտնվեց եւ զգալով իր գլխին պտտվող սև ամպերի խտությունն ու վերահաս վտանգները՝ որոշեց նահանջել: Նա երեկ կասեցրեց իր իսկ կայացրած որոշումը՝ քաղաքային տրանսպորտը 150 դրամ դարձնելու մասին՝ որոշելով պահպանել նախկին 100 դրամը:

 Թե ինչքան ժամանակ երևանցիները կշարունակեն երթևեկել 100 դրամով անհայտ է, քանի որ քաղաքապետը ցանկացած պահի կարող է վերանայել իր կասեցման որոշումը: Իսկ ինչ վերաբերում է Տ. Մարգարյանի շուրջ պտտվող վտանգներին, «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ դրա պատճառները շատ են:

 «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանին և նրա երիտասարդ շրջապատին նախ դուր չի եկել այն, որ Մարգարյանն ինքնուրույն որոշումներ կայացնելու ձգտումներ է ցուցաբերել, բայց լուրեր կան, որ իր մտերմիկ շրջապատում Տարոնը խոսել է իր՝ ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու դառնալու հավակնությունների մասին սա արդեն բավական էր, որպեսզի Մարգարյանի շուրջ օղակը սեղմվեր, ինչը և արվեց՝ այդ թվում և հասարակական ակտիվությունը «խթանելու» գնով: Ու եթե նա չզիջեր, կկորցներ աթոռը: