Երեկ՝ օգոստոսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վահրադյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Ստեփանավանի բնակիչ՝ 21-ամյա Սարգիս Ներկարարյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Վահրադյանն աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակում, ինչի համար էլ դատախազի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է՝ եղել է ոչ սթափ, սակայն թույլատրելի սահմանում։ Իսկ ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նյութի աղբյուրը՝ shamshyan.com