Ռեկտորների հետ հանդիպումից հետո շուտով պարզ կլինի՝ կբացվեն համալսարաները, թե ոչ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ այսօր ռեկտորների հետ հանդիպում է նախատեսված, որի արդյունքում համալսարանների բացվելու մասին փաստաթուղթ կկազմեն, որը պարետատանը կքննարկվի և կհայտարարվի:
Հարցին, թե արդյոք նախարարը պատկերացնում է տարբերակ դասերը կազմակերպելու, որպեսզի արդյունքում առողջության հետ կապված խնդիրներ չլինեն, Հարությունյանն արձագանքեց, թե եթե չպատկերացներ, նման նախագծով հանդես չէր գա:
«Մենք մեր աշխատանքային ուղեցույցներն ունենք, հիմա լավարկման, դիտողությունների, առաջարկների փուլն է, որպեսզի ըստ դրա փոփոխություններ իրականացնենք»,- ասաց նա և հավելեց, որ սեպտեմբերից դասերն սկսելը հստակ է, սակայն եթե համավարակի տարածման առումով լարվածությունը մեծանա, ապա փոփոխություններ կլինեն, եթե ոչ, ապա դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից:
Նյութի աղբյուրը՝ tert.am