Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Վաղարշապատ քաղաքի Չարենցի 17 շենքի 16 բնակարնում 42 տարի բնակվող 73-ամյա Գարուշ Իսաջանյանն ու նրա կինը՝ 68-ամյա Էդիտա Իսաջանյանը, չգիտես ում անխիղճ ու դաժան վերաբերմունքի հետևանքով, այսօր հայտնվեցին փողոցում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարևանները ասում էին. «Ինչ լավ իրավիճակ է փոխվել: Եթե նախկինում նման բան անեին, կասեինք՝ դրանք հոգի ու արյուն չունեն, բայց հիմա թավշյա հեղափոխությունից հետո տարեց ամուսինները, ովքեր իրավական թեմաներից կիլոմետրերով հեռու են, ինչու չէ, նաև կաղում են, հայտնվեցին փողոցում:
Տարեց ամուսինները ունեն առողջական լուրջ խնդիրներ ու չկա երաշխիք , որ բաց երկնքի տակ հայտնվելով էդ մարդիկ չեն մահանա: Հարկադիր կատարողները էնպես են այսօր գրոհել էս մարդկանց տան մեջ, ոնց-որ թե թուրքի պոստն էին ազատագրել: Ով է տեսել մարդուն իր վերջին կացարանից՝ բառիս բուն իմաստով, վերցնեն ողջ գույքով շպրտեն դուրս:
Բա հետո էլ ասում եք՝ հեղափոխությունից հետո նման բաներ տեղի չեն ունենա: Միհատ գոնե հետաքննություն իրականացրեք ու պարզեք, թե ում շան գլուխն է թաղված էս ամեն ինչի հետևում»:
Հոկտեմբերի 13-ին դատարանում նիստ է նշանակված, որտեղ դատարանը պետք է որոշում կայացնի, թե ոնց է եղել որ առանց տանտերերի գիտության աճուրդ են արել ու մի քանի միլիոնների արժողության տունը գռոշներով վաճառել են: «Ուզում ենք՝ գլխավոր դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը հետևողական լինեն ու նախաքննություն իրականացնեն և վստահ ենք, որ շատ կեղտ դուրս կգա ջրի երես»,- նշում էին շենքի բակում հավաքված հարևանները:
Տիկին Է. Իսաջանյան էլ ասում էր, որ հարկադիր կատարողներից մայոր Գեղամը, ով այս պահին էլ գտնվում է իրենց տանը, իրեն սպառնացել է, թե՝ եթե իր հետ բերած թղթերի տակ չստորագրեմ, ապա՝ «տղայիդ գլխին կսարքեմ, կտանեմ ու կնստացնեմ»: Իմ ճշտող հարցին հարկադիր կատարման այդ մայորին, որ Է. Իսաջանյանը ձեզ մեղադրում է նման արարք կատարելու մեջ, նա հրաժարվեց պատասխանել, ասելով, թե՝ դիմեք մեր լրատվականին:
Այս պահին հարկադիր կատարողները «աշխատասեր մրջյունի» նման տան ողջ գույքը տեղափոխում են: Նրանց անգամ չի հուզում այն հանգամանքը, որ տարեց ամուսինները, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն, տառապում են մի քանի հիվանդություններով, հայտնվելու են փողոցում:
Այսօր 2 անգամ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը՝ հավատարիմ Հիպոկտրատին տված իր երդմանը, այցելեց նշված բնակարան և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեց կնոջը և այդ ամենին ականատես էին հարկադիր կատարողները, սակայն նրանք ասես քար անտարբերությամբ վերաբերվեին այդ ամենին:
«Եթե գլխավոր դատախազությունն ու հատուկ քննչական ծառայությունը ուսումնասիրեն այս խնդիրը, վստահ ենք՝ շատ մարդիկ պատասխանատվության կենթարկվեն»,- պնդում էին տանտերերն ու նրանց բարեկամները:
Բնակարան էին այցելել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ովքեր վերահսկում էին իրավիճակը:
Նյութի աղբյուրը՝ shamshyan.com