Եվրոպական որոշ երկրների իշխանությունները փորձում են զսպել կորոնավիրուսի տարածումը: «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի կառավարությունը որոշել է հավելյալ միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, դիսկոտեկները, գիշերային բարերը փակել, ինչպես նաև սահմանել ծխելու արգելքը փողոցում և այլ հասարակական վայրերում, երբ չկա հնարավորություն պահպանելու երկու մետր սոցիալական հետավորություն: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության շուրջ 50 հազար նոր դեպք, օրվա կտրվածքով՝ 3 հազար 500:
Այս զարգացումների ֆոնին Գերմանիան Իսպանիային, բացառությամբ Կանարյան կղզիների, մտցրել է համաճարակային առումով ոչ բարենպաստ իրավիճակ ունեցող երկրների ցանկ:
Միացյալ Թագավորությունը կրկին մտցնում է երկշաբաթյա կարանտին Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և Մոնակոյից եկող քաղաքացիների համար: Ֆրանսիայի տարածքում ներկայում գտնվում է 160 հազարից ավելի բրիտանացի զբոսաշրջիկ:
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվելու օրական դեպքերը մոտենում են 3 հազարին: Վերջին 3 օրվա ընթացքում երկրում նկատվում է վարակի տարածման տեմպի ակտիվացում: Փարիզն ու Մարսելը ներառվել են «կարմիր գոտում», և տեղական իշխանությունները ստացել են նոր սահմանափակումներ կիրառելու թույլտվություն: