Դաշտանադադարը բնական երևույթ է, որին վաղ թե ուշ բախվում են բոլոր կանայք: Այս ընթացքում կանանց մոտ ի հայտ են գալիս բավական տհաճ ախտանշաններ, որոնցից ազատվելն այդքան էլ հեշտ չէ:
Դաշտանադադարի ամենատարածված ախտանշանը «մակընթացությունն» է, որը դրսևորվում է ջերմության զգացումով, դեմքի կարմրածությամբ, սրտի զարկերի արագացմամբ ու առատ քրտնարտադրությամբ: Այս ախտանշաններն ի հայտ են գալիս կտրուկ և կարող են տևել ինչպես մի քանի վայրկյան, այնպես էլ մի քանի րոպե:
Նման տհաճ ախտանշանների ի հայտ գալը պայմանավորված է լինում դաշտանադադարի ժամանակ կանանց օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխություններով և հենց սա է պատճառը, որ դրանցից ազատվելը երբեմն գրեթե անհնարին է լինում: Սակայն, բարեբախտաբար, կան բավական արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն մեղմել դաշտանադադարի ախտանշանները՝ առանց կողմնակի բարդություններ առաջացնելու: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները:
1. Լորենու (липа) թեյ
Լորենու ծաղիկները հիանալի միջոց են գիշերվա ժամերին անհանգստացնող «մակընթացությունները» վերահսկողության տակ պահելու, դաշտանադադարի ախտանշանները մեղմելու և նյարդային համակարգը հանգստացնելու համար:
Թեյի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 թեյի գդալ (5 գրամ) լորենու չոր ծաղիկներ,
1 բաժակ (250 մլ) ջուր:
Պատրաստման եղանակը.
Լորենու թեյը պատրաստելու համար հարկավոր է լորենու չորացրած ծաղիկներին ավելացնել եռման ջուր, ծածկել տարան կափարիչով և թրմել 10 րոպե: Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել քնելուց առաջ:
2. Եղնջի (крапива) և եղեսպակի (шалфей) թուրմ
Այս բույսերի համադրությունը հիանալի միջոց է «մակընթացություններից» ազատվելու համար: Այս թուրմը կօգնի կարգավորել հորմոնալ ակտիվությունը և կկանխի քնած ժամանակ մարմնի ջերմաստիճանը բարձրացումը:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 թեյի գդալ (5 գրամ) չորացրած եղինջ,
1 թեյի գդալ (5 գրամ) եղեսպակ,
2 բաժակ (500 մլ) ջուր:
Պատրաստման եղանակը.
Բույսերը խառնել, այնուհետև ավելացնել կես լիտր ջուր և դնել խառնուրդը կրակին: Երբ ջուրը եռա, վերցնել կաթսան կրակից և շարունակել թրմել խառնուրդը սենյակային ջերմաստիճանում:
Ստացված թուրմի առաջին բաժակը հարկավոր է խմել առավոտյան, իսկ երկրորդ բաժակը՝ կեսօրին: Սակայն հարկ է հիշել, որ այս թուրմը հակացուցված է զարկերակային գերճնշման ու երիկամային անբավարարության դեպքում, ուստի անհրաժեշտ է շատ ուշադիր լինել:
3. Առվույտի (люцерна) սերմերով թեյ
Այս բույսի սերմերը պարունակում են ակտիվ բաղադրիչներ, որոնք օգնում են մեղմել դաշտանադադարին բնորոշ ախտանշանները (հատկապես` «մակընթացությունները»):
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 թեյի գդալ (5 գրամ) առվույտի սերմեր,
1 բաժակ (250 մլ) ջուր,
1 թեյի գդալ (5 մլ) կիտրոնի թարմ քամած հյութ:
Պատրաստման եղանակը.
Թեյը պատրաստելու համար հարկավոր է առվույտի սերմերը լցնել կաթսայի մեջ, ավելացնել մի բաժակ ջուր և դնել կաթսան կրակին մինչև ջուրը սկսի եռալ: Այնուհետև հարկավոր է կաթսան վերցնել կրակից և թրմել ևս 15 րոպե: Պատրաստի թուրմը քամել և ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի թարմ քամած հյութ: Այս ըմպելիքը հարկավոր է խմել կեսօրին կամ ճաշից հետո:
Հարկ է հիշել, որ նշված ժողովրդական միջոցների կիրառումից առաջ անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար:
Բացի այդ, շատ կարևոր է նաև կենսակերպը, ուստի տհաճ ախտանշաններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս վարել առողջ կենսակերպ, ճիշտ սնվել և կրել հարմարավետ հագուստ, որը պատրաստված կլինի միայն բնական կտորներից: