Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլուզված շենքի փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ. ընդհանուր 3 տուժած կա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելքս Ցոլակյանը։
Նա նշեց, որ մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են՝ վնասվածքներ չեն ստացել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։
Նախարարի խոսքով՝ այս պահին շենքն ամբողջությամբ տարհանված է։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ շենքի մյուս հատվածն էլ փլուզվի, նախարարն ասաց. «Սեյսմիկ ծառայությունից եկան ու ասացին, որ այս պահին փլուզման վտանգ չկա։ Սա պանելային շենք է, դրանք սեյսմակայուն շենքեր են։ Երկրաշարժի ժամանակ այդ պանելային շենքերը չփլուզվեցին։ Գյումրիում 9 հարկանի շենքեր չփլուզվեցին։ Մնացել է հիմնական աշխատանքը, որ կարողանան փլատակները մաքրել։ Տեսնենք՝ փլատակների տակից ինչ դուրս կգա։ Քանի որ աշխատանք է տարվում ու այդ աշխատանքի արդյունքում կարող է փոփոխություններ լինեն, այդ պատճառով մենք տարհանել ենք»։
Ցոլակյանն ասաց, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կազմակերպվել է բնակիչների ժամանակավոր կացարանի հարցը. «Քաղաքացիները կունենան մնալու տեղ։ Աստված տա մենք կարողանանք երրորդ մարդուն փրկել»։
Նա նշեց, որ իրենց կասկածներ ունեն՝ երկրորդ հարկից է եղել պայթյունը։