Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախկին տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ այս նախագահական ընտրությունների ժամանակ բացակայում են բանավեճերն ու քննարկումները և շատ հարցեր չեն արծարծվում: Այս մասին քաղաքագետն ասաց այսօր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծությունների կենտրոնի կազմակերպած գիտաժողովի ժամանակ և ընդգծեց.«Սա ամենաանհետաքրքիր պայքարն է Հայաստանի պատմության մեջ»:
Ռիչարդ Կիրակոսյանն անդրադառնալով նախագահի թեկնածուների ծրագրերի արտաքին քաղաքականությանը և մասնավորապես հայ-թուրքական հարաբերություններին, ասաց, որ նախագահի թեկնածուներն այդքան էլ չեն անդրադառնում արտաքին քաղաքականությանն այնքան, որքան հենց քաղաքագետներն են քննարկում:
«Թուրքիայի հարցում Հայաստանը դիվանագիտական գործընկեր չունի: Մենք հայ-թուրքական հարաբերությունները դիտարկում ենք ներքին քաղաքականության համատեքստում»,-ասաց քաղաքագետն ու նշեց, որ խնդիրն ավելի խորքային է և կախված է Թուրքիայի վարած քաղաքականությունից: Սրա հետ մեկտեղ Կիրակոսյանը նշեց, որ ԼՂՀ կարգավորման հարցը պետք է դուրս լինի հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստից:
Ռիչարդ Կիրակոսյանը ՀՀ նախագահի յոթ թեկնածուներից առանձնացնում է երեքին` գործող նախագահ Սերժ Սարգսյանին, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին.«Մյուս թեկնածուները ընտրություններից հետո կգնան անհայտություն, նրանք քաղաքականապես անակտիվ են: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը, երկուսն էլ առաքելություն ունեցող մարդիկ են»,-ասաց նա:
Ըստ քաղաքագետի, միջազգային հանրությունը պետք է Թուրքիայից պահանջի, որպեսզի սահմանները բացի առանց նախապայմանների և դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն ու այդ ամենը չպետք է դիտարկվի որպես հաշտեցում: