Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Գեղարվեստի ակադեմիայի կաշառքի գործով դատավճիռը: Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, գործով մեղադրվող ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանի մեղքը վերաորակվեց, և նա մեղավոր ճանաչվեց ՀՀ սահմանադրության 334 հոդվածի հատկանիշներով, այն է՝ հանցագործությունը պարտակելը, և դատապարտվեց 1 տարի ազատազրկման, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա արդեն կրել էր իր պատիժը դատավարության ընթացքում, դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Իրենց որդու ընդունելության համար կաշառք տված Արայիկ Ֆահրադյանը և Արմինե Ենոքյանը դատապարտվեցին երեքական տարի պայմանական ազատազրկման, իսկ կաշառքի միջնորդ Խաչիկ Ազիզյանին դատարանը պարտավորեցրեց 200 հազար դրամ տուգանք վճարել: Այս մասին նշում է ԳԱԼԱ-ն:
Սվետլանա Գևորգյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը նշում է, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը:
Հիշեցնենք, որ Սվետլանա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Գեղարվեստի ակադեմիայում որպես ուսումնագիտական գծով պրոռեկտոր, 2012 թվականի մայիսին ընդգրկվելով 2012-2013 թվականների ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի կազմում որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպչական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ, նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով՝ վերջինիս ակադեմիա ընդունվելու համար, 2012 թվականի ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի միջնորդությամբ ընդունել են էդուարդ Բարբարյանի ծնողներից՝ Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրադյանից առանձնապես խոշոր չափերի՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը, իսկ 2012 թվականի մայիսին Խաչիկ Ազիզյանի միջոցով Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրադյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի ՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք։
Հայկ Փայասլյանին առաջադրվել է նույն մեղադրանքը` ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի պաշտոնը չարաշահելու համար:
Խաչիկ Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, ներկայանալով ակադեմիայի 2012-2013 թվականների ուսումնական տարվա դիմորդ էդուարդ Բարբարյանի ծնողների՝ Արմինե Ենոքյանի և Արայիկ Ֆահրադյանի անունից, նպաստել է վերջիններիս և ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Գևորգյանի միջև էդուարդ Բարբարյանին ակադեմիա րնդունելու համար կաշառքի առարկայի բնույթի ու չափի մեջ համաձայնության գալուն և Սվետլանա Գևորգյանի ու ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՍՆ դոլար կաշառք ստանալուն։
Արայիկ Ֆահրադյանին և Արմինե Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու շուրջ նախնական համաձայնության գալով ՝ էդուարդ Բարբարյանի օգտին գործողություններ կատարելու, վերջինիս Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա ընդունելու դիմաց 2012 թվականի ապրիլին միջնորդի՝ ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի միջոցով խոստացել են առանձին պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերի կաշառք։