Գիտնականներն ապացուցել են, որ չեզոքացնող հակամարմինները լիակատար պաշտպանոթյուն են ապահովում կորոնավիրուսի կրկնավարակից։ Lenta պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հոդվածը տպագրվել է Journal of Clinical Microbiology ամսագրում։

Հետազոտությունների արդյունքում հակամարմիններ են հայտնաբերվել 3 հոգու մոտ, ովքեր եղել են ձկնորսական նավի տախտակամածին, որը Սիեթլից դուրս է եկել 2020-ի մայիսին։ Նավում գտնվող 122 մարդուց 104-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Սակայն նրանք, ում մոտ եղել են չեզոքացնող հակամարմիններ, նավագնացության ժամանակ և դրանից հետո առողջ են մնացել։

Դա ապացուցում է, որ հնարավոր է կորոնավիրուսի դեմ բավական արդյունավետ պատվաստանյութ ստեղծել, որը թույլ կտա կանգնեցնել համավարակը։

Միևնույն ժամանակ վարակվածների թիվը ցույց է տալիս, որ խաչաձև իմունիտետի ցանկացած տեսակ, որ առաջանում է այլ շնչառական հիվանդություններ տարած մարդու մոտ, կորոնավիրուսից պաշտպանություն չի ապահովում։

Չեզոքացնող հակամարմիններ են անվանում սպիտակուցային մոլեկուլները, որոնք բջիջները պաշտպանում են անտիգեն կրողից, որի դերում կարող են հանդես գալ վիրուսներ կամ բակտերիաներ։ Հակամարմինները կպչում են պաթոգենի մակերեսին՝ դրանք դարձնելով ոչ ակտիվ։