Իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապարոսի նորամուտը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում ստացվեց անհաջող: Ինչո՞ւ հենց դա առանձնացնել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղից հետո, որովհետև սա այն պարտություններից էր, որում մարզչական մտահղացումները պարզապես չաշխատեցին:

Երբ նոր մարզիչը հավաքականում աշխատանքը սկսում է մեծ փոփոխություններով ու երկար սպասված սերնդափոխության գործընթացից, դա, իհարկե, խոսում է նրա չվախեցող տեսակի ու վճռական տրամադրվածության մասին: Փորձենք հասկանալ, թե նորամուտի խաղում ինչը ճիշտ չարեց Խոակին Կապառոսը:


Սկոպյեում Հայաստանի հավաքականը ձախողեց առաջին խաղակեսը, իսկ այդպիսի խաղերում մեկ այդպիսի խաղակեսը շատ հաճախ ճակատագրական է լինում: Մի կողմ թողնենք Վարազդատ Հարոյանի ու Հովհաննես Համբարձումյանի բերած 11 մետրանոցները, թեև հենց այսպիսի խաղերում թիմի ամենափորձառու խաղացողների կողմից նման սխալներն ամենացավալին են:

Անկասկած, երկրորդ րոպեին նշանակված 11 մետրանոցը և բաց թողած արագ գոլը շատ են բարդացնում արտագնա խաղ անցկացնող թիմի գործերը, իսկ խաղակեսի վերջնամասում ևս մեկ չհարկադրված խախտման պատճառով նշանակված 11 մետրանոցն ընդհանրապես խառնում է բոլոր խաղաքարտերը, բայց, իրականում, Հայաստանի հավաքականի խնդիրները ակնառու էին այլ դիտակետից:

 

Առաջին խաղակեսում ամենանկատելին այն էր, որ Հայաստանի հավաքականի առջևի գծում խիստ զգացվում էր ներդաշնակության պակասը: Կարծես թիմի հարձակողական ներուժը կազմել էին խաղացողներ, որոնք ընդհանրապես չեն ճանաչում իրար:

Միակ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին թիկունքից պետք է օգնեին հավաքականում նորամուտը նշող Խորեն Բայրամյանը, Արշակ Կորյանը և թիմի հնաբնակներից Կամո Հովհաննիսյանը:

Միշտ քննարկվող տարբերակ է, որ հայկական ֆուտբոլի ամենաարագ ներկայացուցիչը կարող է մրցակիցների համար շատ վտանգավոր լինել հենց վինգերի դիրքում, սակայն այնպիսի տպավորություն էր, որ Կամո Հովհաննիսյանն իր դիրքում չի խաղում: Հավաքականում նա լավագույն հանդիպումներն անցկացրել է հենց եզրային պաշտպանի դիրքում: Նոր խաղային դիրքն ու նոր գործընկերների հետ համագործակցությունը պարզապես չստացվեց մի խաղացողի մոտ, որը կարող է շատ օգտակար լինել թիմին:

Ստացվում էր, որ առջևի գծում, որտեղ պետք է ստեղծագործել ու վտանգ ստեղծել, հայ ֆուտբոլիստները դրա փոխարեն դեռ ծանոթանում էին իրար: Խոակին Կապառոսը, բնականաբար, տեսավ դա, ինչին արձագանքեց ընդմիջմանը՝ կատարելով միանգամից 2 փոփոխություն:

Խաղադաշտ դուրս եկան հավաքականում վաղուց իրենց տեղն ունեցող Տիգրան Բարսեղյանն ու Էդգար Բաբայանը, որոնք երկրորդ խաղակեսում նկատելիորեն ակտիվացրին Հայաստանի հավաքականի խաղն առջևի գծում: Հատկապես տարօրինակ էր մակեդոնական ֆուտբոլին շատ լավ ծանոթ Տիգրան Բարսեղյանի՝ մեկնարկային կազմում չհայտնվելը: Երկրորդ խաղակեսում Բարսեղյանը լավագույններից մեկն էր խաղադաշտում և պատահական չէ, որ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 

Առջևի գծում Հայաստանի հավաքականի խաղը, միանշանակ, այն չէր, ինչ կարող էր լինել: Հենրիխ Մխիթարյանի բացակայության և այսպիսի խաղերում նրա ներկայության կարևորության մասին «ծեծված» թեմային անդրադառնալ, երևի, պետք չէ, քանի որ հավաքականն այս հավաքը սկսել էր առանց թիմի առաջատարի և ուներ ժամանակ այդ բացը լրացնելու և լուծումներ գտնելու համար:

Հավաքականներում աշխատանքը նոր սկսող մարզիչների դեպքում հաճախ է լինում, երբ բախվում են այսպիսի խնդրի: Իհարկե, Կապարոսը բոլորից լավ է ծանոթ, թե հավաքականին միացած ֆուտբոլիստներն ինչ վիճակում են: Դժվար է կասկածել, որ նա մեկնարկային կազմում չէր ընդգրկել այդ պահին լավագույն մարզավիճակում գտնվող խաղացողներին, սակայն նա այս խաղում չկարողացավ ապահովել նորեկների սահուն ընդգրկումը նոր միջավայրին:

Օրինակ՝ պաշտպանությունում միակ նորեկը Սերոբ Գրիգորյանն էր, որը խաղում էր թիմի հնաբնակների կողքին, թեև ընդմիջմանը նա փոխարինցվեց և ձախ պաշտպանի դիրքը զիջեց Կամո Հովհաննիսյանին: Իսկ առջևի գծում նորարարությունները չափազանց շատ էին սկզբի համար:

 

Մի պահ հանգիստ թողնենք առջևի գծի խնդիրները, որոնք վերջին տարիներին շատ տեսանելի են, և նահանջենք մի փոքր հետ: Հենակետային դիրքում խնդիրներին ևս չանդրադառնալ հնարավոր չէ: Վբեյմար Անգուլո - Արտակ Գրիգորյան նոր զույգը ևս ուներ խաղակցվածության մեծ խնդիր: Երբեմն անհասկանալի էր, թե նրանցից ով ինչով է զբաղված խաղադաշտում: Պաշտպանությունում մեծ ուժեր կենտրոնացրած մրցակցի դեմ խաղում այս 2 խաղացողների դերը չափազանց մեծ էր՝ դիրքային ու այլ գրոհներ սկսելու, ինչպես նաև առջևի գծի խաղացողների խաղակցվածության խնդիրը մեղմացնելու գործում: Այդպիսի խաղում նրանց կողմից ավելի համարձակ գործողությունների անհրաժեշտությունը շատ էր:

Կոլումբացի Վբեյմար Անգուլոյի և նիգերիացի Սոլոմոն Ուդոյի՝ Հայաստանի հավաքական հրավիրվելը գուցե դժգոհությունների առիթ տվեց, սակայն դա պատահական չէր: Հավաքականին միացել են 2 օտարազգի կենտրոնական կիսապաշտպաններ, ինչն ընդգծում է այդ կենսական նշանակություն ունեցող խաղային դիրքի խնդիրները: Մի բան պարզ է, որ այդ դիրքը շատ է տանջելու աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու նպատակ ունեցող հավաքականի նոր գլխավոր մարզիչին:

Հանդիպումից հետո շատերին հետաքրքրեց այն փաստը, թե ինչու է մարզիչը ձախողած հանդիպումից հետո շնորհակալություն հայտնում իր ֆուտբոլիստներին: Փորձառու ու բարձր պրոֆեսիոնալիզմի կասկածներ չտվող մարզիչը գուցե գիտակցում է, որ մի փոքր շտապեց, բայց այս փորձը ևս կարող է օգտակար լինել ապագայի համար:

Մեծ հաշվով, Ազգերի լիգայի այս մրցաշարից Հայաստանի հավաքականը մեծ ակնկալիքներ չունի (քանի որ Ազգերի լիգայի այս մրցաշարում վիճարկվում են աշխարհի առաջնության ընդամենը 2 ուղեգրեր), և սա իրական նախապատրաստական փուլ է 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի համար: «Մունդիալ», որին մասնակցելու ծրագրեր ունի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը: Չնայած ձախողած մեկնարկին, Խոակին Կապառոսն այն մարզիչն է, որին չվստահելու պատճառներ դեռ չկան, պարզապես պետք է ժամանակ տալ նրան և սպասել հաջողությունների:

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրում կընդունի Էստոնիային: Խաղ, որին պետք է մոտենալ թույլ տված սխալները վերլուծած ու մրցակցին թելադրել մեր ֆուտբոլը: