Արարատ քաղաքի 52-ամյա բնակիչ Վոլոդյա Մուրադյանը կկանգնի դատարանի առջև սեփական կնոջ սպանության մեղադրանքով: Ըստ մեղադրական եզրակացության՝ սպանությունը ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության հետևանք է:
 
Այսպես, ըստ գործի նյութերի` տղամարդը 04.12.2012թ.` ժամը 04:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի` իր բնակարանի հյուրասենյակում, ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Դիաննա Նահապետյանի հետ: Վեճի ընթացքում, ըստ նախաքննական մարմնի, «ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով»  Վ.Մուրադյանը  ձեռքերով, ապակյա վազով հարվածներ է հասցրել կնոջ  մարմնի տարբեր մասերին: Ապա Դ.Նահապետյանի մազերից քաշելով՝  տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
 
Ծեծի ու դանակահարության հետևանքով  ամուսինը, ըստ մեղադրական եզրակացության, կնոջը պատճառել է  կյանքին վտանգ սպառնացող  մարմնական վնասվածքներ՝  գլխի ձախ կողմնային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքեր, ճակատի` թվով 2 հատ արյունազեղումներ, գլխի փափուկ հյուսվածքների ներքին մակերեսի, գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի տարածուն, մուգ կարմիր գույնի արյունազեղումներ, դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող և չթափանցող վերքեր, զույգ թոքերի, լյարդի վնասվածքներ, ներքին /3400 մլ/ և արտաքին մասսիվ արունահոսություններ, ներքին օրգանների արտահայտված սակավարյունություն, աջ բազկի արյունազեղում, ինչի հետևանքով «տեղում սպանել է» կնոջը: Գործում առկա իրեղեն ապացույցների թվում են երեք դանակները:
 
Գործն ընդունվել է  ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ  Սարգսյանի վարույթ:
 
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»