Բելառուսի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն է դիմել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին աջակցելու խնդրանքով: Այս մասին Լուկաշենկոն պատմել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Լուկաշենկոն բողոքել է, որ ուկրաինացիները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, իրեն «սովորեցնում» են երկրում ստեղծված իրավիճակի պատճառով:
Ակնհայտ է, որ խոսքը Ուկրաինայի նախագահի միջազգային դիտորդների մասնակցությամբ Բելառուսում նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարության մասին է:
«Նույնիսկ Զելենսկին… Նա, ում ես ամեն կերպ աջակցում էի, և Պուտինը հավանություն էր տալիս դրան»,- իր հիասթափությունն է հայտնել Լուկաշենկոն:
Նա նշել է, որ ՌԴ նախագահն անձամբ է իրեն խնդրել աջակցել «երիտասարդ, անփորձ» Զելենսկիին:
Նա հավելել է, որ Զելենսկիի հետ «կենսական շատ հարցեր» է քննարկել, և Ուկրաինայի նախագահը «լավ էր վերաբերվում իրեն»: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն Բելառուսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Զելենսկիի քննադատական հայտարարությունները բացատրել է ամերիկացիների ազդեցությամբ: