Հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն այսօր կնշեր ծննդյան 58-րդ տարեդարձը: Այս առիթով Instagram-ում հրապարակումներ է կատարել նրա որդին՝ Հենրիխ Մխիթարյանը:
Հենրիխը մի քանի արխիվային լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Ընդմիշտ իմ սրտում»:
Հիշեցնենք՝ Համլետ Մխիթարյանը հանդես է եկել «Արարատ» ու «Կոտայք» ակումբներում: «Արարատում» նա մասնակցել է 170 խաղի և դարձել է 46 գոլի հեղինակ: 1984 թվականի մրցաշրջանում Համլետ Մխիթարյանը 18 գոլով դարձել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու՝ դառնալով երեք հեթ-տրիկի և մեկ պոկերի հեղինակ, այնուհետև տեղափոխվել է ֆրանսիական 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Վալանս», որը շուտով հայ հարձակվողի խաղի շնորհիվ բարձրացել է 2-րդ դիվիզիոն, իսկ 1994-ից նա համալրել է Իսսի-լե-Մուլինո քաղաքի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես է եկել ընդամենը 6 ամիս, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի ուռուցք: Համլետ Մխիթարյանը կյանքից հեռացել է 1996-ին՝ 33 տարեկան հասակում:
Համլետ Մխիթարյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 14-ին: Նա կդառնար 58 տարեկան: