Սարսափելի վթարից հետո կոմայի մեջ ընկած 26-ամյա գործարար կինը Սերգիեւա Պասադայում ծննդաբերել է առողջ երեխայի` շուրջ 2 ամիս մնալով անգիտակից վիճակում:    Սերգիեւա Պասադայի բժիշկները 2 ամիս պայքարել են 26-ամյա կնոջ եւ նրա` դեռեւս չծնված երեխայի համար,-այս մասին գրում է Փաստինֆոն:

Շրջանային սովորական հիվանդանոցի բժիշկները ստիպված են եղել ծնունդ ընդունել, երբ մայրը` Նադեժդա Գլավնովան, գտնվել է կոմայի մեջ:    Life News-ի փոխանցմամբ` ընտանիքի հայրը` Վիտալին, հուլիսի 23-ը կհիշի իր ամբողջ կյանքում, քանի որ ստիպված է եղել բյուրոկրատական մի շարք քաշքշուկներ եւ արգելքներ հաղթահարել, որպեսզի բժիշկներն, ի վերջո, ընդունեն  իր տղայի ծննունդը:

  «Իհարկե, ես շատ էի անհանգստանում կնոջս համար, - Life News-ին պատմել է Վիտալին եւ ավելացրել,-  հեշտ չէր ստանալ ծննդաբերության թույլտվությունը` Նադյայի լուրջ վնասվածքների պատճառով: Նյարդավիրաբույժները վախենում էին իրենց վրա վերցնել ծննդաբերության պատասխանատվությունը, իսկ մանկաբարձները` ծննդաբերության ժամանակ կնոջս վիճակի համար:

Բայց ամեն ինչ լավ ավարտվեց:    Գլավնովների ընտանիքը սարսափելի վթարի է ենթարկվել այս տարվա հունիսի 9-ին: Նադեժդան, Վիտալին, նրանց 6-ամյա աղջիկը` Քսենիան եւ նրանց ընկերների դուստրը` 10-ամյա Քրիստինեն, տուն էին վերադառնում զբոսանքից, երբ նրանց հարվածել է բեռնատարը:    Երիտասարդ մորն ու երկու երեխաներին անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց` անգիտակից վիճակում: Իրավիճակն ավելի էր լրջանում նրանով, որ Նադեժդան 6 ամսական հղի էր:   «Երկու շաբաթ հետո կնոջս վիճակը մի քիչ լավացավ»,- շարունակել է Վիտալին` նշելով, որ կոմայից նա անցում էր կատարել խորը քուն:

«Դա մի տեսակ սահմանային, միջանկյալ վիճակ է: Պարզվեց, որ այդ ամբողջ ընթացքում, երեխան մոր արգանդում նորմալ զարգանում էր եւ ծննդաբերության հարցը պետք էր արագ լուծել»,- ասել է նա:    Մոսկվայի ոչ մի հիվանդանոց չի համարձակվել իր վրա վերցնել ծծնդկանի եւ նորածնի կյանքի պատասխանատվությունը:   Անսովոր ծննդաբերությունն ի վերջո տեղի է ունեցել Սերգիեւա Պասադի հիվանդանոցում,  որտեղ բժիշկները, չունենալով թանկարժեք սարքավորումներ, կարողացել են ընդունել ծննունդը` փրկելով թե մոր եւ թե նորածնի կյանքը:    Երեխայի անունն ընտրել է Վիտալիի եւ Նադեժդայի 6-ամյա դուստրը, ով գիտակցության է եկել մի քանի շաբաթ առաջ:   - Քսենիան ասաց, որ եղբոր անունը պետք է լինի Կիրիլ,- ժպտալով ասել է Վիտալին, - ուրեմն այդպես էլ կլինի: 

Նորածնին արդեն կարող են դուրս գրել հիվանդանոցից եւ տեղափոխել տուն, սակայն մայրը դեռ գիտակցության չի եկել:    - Գուցե հիմա, երբ արդեն նա ծննդաբերել է, Մոսկվայի հիվանդանոցներն արձագանքեն: Նա ուժեղ է, կհաղթահարի, ուղղակի պետք է նրան գոնե նման հնարավորություն ընձեռվի: