Հուլիսի 26-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ս.Մկրտչյանի, մասնակիորեն բավարարեց գերմանացի ներդրող, «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հայցն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի: Այս մասին տեղեկացնում է hetq.am-ը:Վերաքննիչը բեկանեց առաջին ատյանի դատարանի վճռի այն մասը, որը վերաբերում էր ՙԱնիկոմ՚ ՍՊԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությաբ բաժնետոմսերի դիմաց շուկայական արժեքին համարժեք` 142.324.653,93 դրամ փոխհատուցում տրամադրելուն, ինչպես նաև ՙԻստԻնվեստոր՚-ի օգտին 14.8 մլն դրամ գումարը` որպես բաժնետոմսերի համախմբման հետևանքով ստացված կոտորակային բաժնետոմսի հետգնման արդյունքում բաժնետիրոջը վճարման ենթակա գումար բռնագանձելուն:
Հիշեցնենք՝ գերմանացի ներդրողը սկսել է պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ՝ կոմբինատում ունեցած իր բաժնետոմսերից զրկվելու պատճառով: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արայիկ Մելքումյանի, վճռել էր «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի` «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ում ունեցած 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով: Միևնույն ժամանակ վճռել էր «ԻստԻնվեստոր»-ի օգտին բռնագանձել 14.8 մլն դրամին մոտ գումարը` որպես բաժնետոմսերի համախմբման հետևանքով ստացված կոտորակային բաժնետոմսի հետգնման արդյունքում բաժնետիրոջը վճարման ենթակա գումար:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանն, ըստ էության, հայցի պահանջը նույնացրել է գումարի բռնագանձման պահանջի հետ (որպիսին գործի քննության ամբողջ ընթացքում հայցվորի կողմից չի ներկայացվել), մինչդեռ այն հանդիսանում է պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջ: Վերաքննիչ դատարանը իր որոշման մեջ նշել է, որ գումարի բռնագանձման և որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջները հանդիսանում են իրավունքի պաշտպանության առանձին եղանակներ:
Վերը նշվածի հիման վրա դատարանի կողմից հայցապահանջի շրջանակներից դուրս գալու վերաբերյալ «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչների փաստարկները Վերաքննիչը համարել է հիմնավորված: Հաշվի առնելով այն, որ պետական տուրքի բռնագանձման հիմքը հանդիսանում է հայցի առարկան, հետևաբար Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել նաև հայցապահանջի շրջանակներից դուրս գալու հետևանքով պետական տուրքի գումարը դատարանի կողմից սխալ հաշվարկելու և բռնագանձելու վերաբերյալ «Իստինվեստորի» ներկայացուցիչների փաստարկները:
Հայցվորի կողմից ներկայացվել են չորս ինքնուրույն ոչ գույքային պահանջներ, որոնց համար հայցվորը նախապես վճարել է 16 000 դրամ որպես պետական տուրք գումարը: Այդ մասով պետական տուրք բռնագանձելու հարցը վերաքննիչը համարել է լուծված: Հաշվի առնելով նաև այն, որ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքը ՙԻստԻնվեստոր՚ ՍՊԸ-ի կողմից նախապես վճարվել է` վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրք բռնագանձելու հարցը նույնպես համարել է լուծված:
Ամբողջական տարբերակին ծանոթացեք այստեղ