ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների խնդրանքով մանրամասնել է որոշ դժբախտ պատահարներ, որոնց մասին, լրագրողների հիշեցմամբ, ՊՆ պաշտոնական հաղորդարություն չի տարածել,-այս մասին գրում է karabakh-open.info:

19-ամյա Արսեն Հովհաննիսյանի հետ կապված դժբախտ պատահարի մասին նախարարը նշել է. «Նախնական տվյալներով՝ նա մարտական հերթապահության ժամանակ համածառայողի կողմից անզգույշ կրակոցի պատճառով վիրավորվել է: Կա ձերբակալված, եւ նախնական ցուցմունքի համաձայն, անզգույշ կրակոց է եղել»:

«Կա՞ արդյոք դժբախտ դեպքերի մասին հայտարարման որեւէ քաղաքականություն» հարցին ի պատասխան Մովսես Հակոբյանն ասել է. «Մենք այն դեպքերի մասին ենք տեղեկություն տարածում, որոնք որոշակի հետաքրքրություն են պահանջում, որպեսզի կարծիք չլինի, թե բանակում դժբախտ պատահարները կոծկվում են»:

Ենթասպայի մասին, ով հուլիսի 22-ին սրտամկանի սուր ինֆարկտից է մահացել, ՊՆ պաշտոնական կայքը նույնպես չի հաղորդել: Այս առնչությամբ ՊԲ հրամանատարն ընդգծել է. «Արցախում կասկած չի լինում, որ մեր տված ինֆորմացիան կեղծ է: Մյուս զինվորի մասին մենք տեղեկացրել ենք, որովհետեւ նա Հայաստանի հանրապետության քաղաքացի է: Ենթասպայի դեպքի կապակցությամբ որեւէ մեկը չի ձերբակալվել, նա նախկինում եւս սրտի կաթված էր տարել: Ձեռնամարտի հրահանգիչ էր, ոչ մեկի մտքով չի էլ անցել, որ նրա հետ նման դեպք կպատահի»: