Զինծառայողների հիմնադրամը տեղեկացնում է, որ վերջերս տեղի ունեցած հուլիսյան գործողությունների ժամանակ Տավուշի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով տեղի ունեցած բոլոր դեպքերով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ։

«Այսօր՝ 17․09․2020թ․-ին Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը կայացրեց որոշում սահմանված կարգով տրամադրել հատուցումներ սույն թվականի հուլիսին զոհված 6 զինծառայողների ընտանիքի անդամներին։ Որոշման համաձայն հատուցումներ կտրամադրվեն․ Սպայական կազմի զոհված զինծառայողներ՝ կապիտաններ Աշոտ Գևորգի Միքայելյանի, Սոս Փայլակի Էլբակյանի և մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանի ընտանիքի անդամներին՝ միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 300 հազ. ՀՀ դրամ ՝ 20 տարվա կտրվածքով:

Ժամկետային զինվորական ծառայության զոհված շարքային զինծառայողներ Գրիշա Վահանի Մաթևոսյանի, Արթուր Բագրատի Մուրադյանի և Սմբատ Գևորգի Գաբրիելյանի ընտանիքի անդամներին՝ միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 200 հազ. ՀՀ դրամ ՝ 20 տարվա կտրվածքով: Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար»: