«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժա­մանակ ՔՊ-ականները, կարելի է ասել, հարձակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նա­խարար Արայիկ Հարությունյանի վրա:

Բանն այն է, որ ՔՊ-ականները փակ հանդիպմանը Հարությունյանին ներկայացրել են այն իրավիճակը, որն առկա է իր անձի հետ կապված, նշել, թե ինչ դժգոհություն է հասունանում թիմի ներսում իր նկատմամբ:


Մեր աղբյուրները փոխանցում են, որ շատ կոշտ խոսել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ովքեր, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով խորհրդարանում լսում են այն բողոքները, որոնք Հարությունյանի հետ համագործակցելու, նրա հետ լեզու գտնելու վերաբերյալ են: Մակունցն ու Սիմիդյանը շեշտել են, որ այդ դժգոհությունները իրենք ստանում են հենց իրենց թիմի անդամներից ու հորդորել են «ուշքի գալ», փոխել աշխատելու ոճը, համագործակցել խորհրդարանի հետ, այլապես գնալով ներսում իրավիճակը լարվում է:

Այս ամենից հետո, կարծես թե, Արայիկ Հարությունյանը փորձում է իր թիմի հետ կարգավորել հարաբերությունները, ավելին՝ ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս միմյանց հետ փոր­ձում են շփվել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու Արա­յիկ Հարությունյանը:

Վերջիններս կարծես թե հանդիպում, քննարկումներ են ունենում ու, ըստ իրենց թիմի, կարելի է ասել՝ հաշտության եզրեր են փնտրում: Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ Հայրապետյանն ու Հարությունյանը թեժ մարտերի մեջ էին, ինչի պատճառով անգամ Հայրապետյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն գործադիր տեղափոխելու համար, քանի որ նույն ոլորտում չէին կարողանում աշխատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում