Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Պողոսյանի նախագահությամբ կայացած Վարդան Սեդրակյանի գործով դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրական ճառը, որում ներկայացրեց ապացույցներն ընդդեմ ամբաստանյալներ Պողոսյանի, Հարությունայանի և Սեդրակյանի:  Ճառում մասնավորապես ասվում էր, որ նախաքննությամբ պարզվել է, որ պատվիրատուն Վարդան Սեդրակյանն է՝ ելնելով այն փաստից, որ Սեդրակյանի տան աշխատասենյակում գտնվել է այն թերթը, որում եղել է տուժող Հայրիկյանի լուսանկարը, որի մասին նաև նախաքննական ցուցմունքում հայտնել էին պատասխանողներ Հարությունյանն ու Պողոսյանը: Ինչպես արդեն հայտնի է, Հարությունյանն ու Պողոսյանը ճանաչել են իրենց ուղղված մեղքը՝ մասնակի՝ հայտնելով, որ իրենք այդ քայլին գնացել են միայն Հայրիկյանին վախեցնելու նպատակով, իսկ Սեդրակյանն իր մեղքը չի ընդունել:

Դատախազը, ելնելով իր ներկայացրած ապացույցներից, միջնորդություն ներկայացրեց, որ Սեդրակյանին պետք է հասնի 15 տարվա ազատազրկում, Հարությունյանին՝ 13, իսկ Պողոսյանին, ելնելով այն հանգամանքից, որ նա նախկինում նույնպես դատապարտված է եղել և 5 ամիս շուտ բաց է թողնվել, իսկ դեռ այդ 5 ամիսները չլրացած նա կատարել է հերթական հանցանքը, ինչը համարվում է հանցագործության ռեցիդիվ, դատապարտել 14 տարվա ազատազրկման: Այ պահին դատարանը հայտարարել է ընդմիջում: Դատական նիստը կշարունակվի 15:00-ին: