Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող սպա Գուրգեն Ալավերդյանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Վերջինս հայտնեց նաև, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ստուգել են Գուրգեն Ալավերդյանի պահման պայմաններն ու առողջական վիճակը։ Ըստ Ամատունու՝ Գուրգեն Ալավերդյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։
Նա նաև փոխանցեց, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները բացի Գուրգեն Ալավերդյանից, այցելել են նաև այն անձանց, որոնք Ադրբեջանում պահվում են անազատության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, շփոթվել և մոլորվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ մարտական հենակետը ստուգելիս: Ադրբեջանը հայ սպային ներկայացրեց որպես դիվերսանտ:
Ալավերդյանին այցելության մասին հարցը վերջին անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ուղղվել էր շաբաթ, ուստի ենթադրվում է, որ հայ սպային տեսակցությունը տեղի է ունեցել կա՛մ կիրակի, կա՛մ երկուշաբթի: